Последние новости

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱՐԽԼԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օրերս Արցախի Ասկերանի շրջանի սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղի բնակչությանն ուղղված հոգեբանական գրոհները Ադրբեջանի կողմից վաղուց տարվող հայատյացության հերթական դրսևորումն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ նման քայլերով Ադրբեջանը փորձում է խաղաղապահ առաքելության հանդեպ թերահավատություն ձևավորել։

«Խաղաղապահները պատժող ուժ չեն՝ առավել ևս, որ այդ սադրանքներն ադրբեջանցիներն իրականացնում են մի տեղից, որտեղ չկան խաղաղապահներ։ Այսինքն՝ իրենց տեղակայման դիրքերից բարձրախոսներով «կոչեր» են հնչեցնում այդտեղ խաղաղապահը ոչինչ իրավասու չէ անել։ Եվ դրա նպատակներից մեկն էլ ռուսների հետ մեր հարաբերությունները խարխլելն է։ Փորձում են անել այնպես, որ մարդիկ մտածեն, թե բա ինչու են խաղաղապահները թույլ տալիս։ Ու, ցավոք, որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է»,-մանրամասնեց Բաբայանը։

Ադրբեջանցիների կողմից արցախցիների հանդեպ նման հոգեբանական գրոհների իրականացման համար ընտրված ժամանակահատվածը, ըստ Դավիթ Բաբայանի, պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով

«Հնարավոր է, որ դա, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հետ կապված լինի։ Խոջալուի ողբերգությունն իրականացրել է հենց Ադրբեջանը, ու այդ մասին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովն անձամբ է ասել։

Բնական է, որ արցախցներին հոգեբանական գրոհի ենթարկելու Ադրբեջանի քայլերն ինչ-որ չափով պայմանավորած են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հակառուսական դիրքորոշում ունի, ուստի և հիմա նման սադրանքների է դիմում»։

Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների միշտ պետք է պատրաստ լինել։ Իսկ թե ինչ ընթացք կունենան դրանք, ըստ Բաբայանի, կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից։ Այդ առումով մեծ փոփոխություններ, Բաբայանի կանխատեսմամբ, չեն լինի։

«Ադրբեջանը, բնական է՝ կցանկանա, որ Ռուսաստանը մասնատվեր, որպեսզի իրենց պանթյուրքիստական երազանքներն իրագործեն, բայց չեմ կարծում, թե նրանք այդ հնարավորությունը կստանան»-նշեց Բաբայանը։

Արցախի արտգործնախարարը վստահեցրեց՝ Ադրբեջանի այդ սադրանքներին արցախցիները չեն ենթարկվելու, իսկ գարնանացանին ընդառաջ էլ, խաղաղապահների հետ մեկտեղ, գտնելու են տարբերակներ, որպեսզի գյուղացիները կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։

«Գարնանացանի աշխատանքների հետ կապված ամենօրյա աշխատանք պետք է տարվի, մեկ ընդհանուր բանաձև չկա։ Ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են սադրանքների։ Մենք, ուղղակի, պետք է դա թույլ չտանք՝ չմոռանալով, թե ում հետ գործ ունենք։ Դրա համար հատուկ մոտեցումներ են լինելու»,-նշեց Դավիթ Բաբայանը։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ