Последние новости

EAFJD․ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել

Լեռնային Ղարաբաղը/Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել: Այս մասին ասվում է «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկու ամսում երկրորդ անգամ կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի առաջընթաց գրանցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ «խաղաղության պայմնագրի» շուրջ բանակցություններում, ինչի մասին Միշելն ավելի վաղ հայտարարել էր:

2022 թվականի մարտին ադրբեջանական զորքերը վերահսկողության տակ են առել ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ հայաբնակ գյուղը, ինչի հետևանքով հայ բնակիչները ստիպված են եղել փախչել: Ադրբեջանական սադրանքների պատճառով տարհանվել են նաև հարևան Խրամորթ գյուղի բնակիչները:

Խիստ ձմեռային եղանակային պայմաններում Արցախի հայ բնակչությունը զրկվել էր գազից, ինչը հումանիտար ճգնաժամ էր առաջացրել, քանի որ վթարված գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով:

Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումներ է իրականացնում և տասնամյակներ շարունակ հայատյացության քաղաքականություն է վարում պետական մակարդակով: Ադրբեջանական զինված ուժերն 2021 թվականի մայիսից ի վեր ապօրինաբար ներխուժում են Հայաստանի ինքնիշխան տարածք:

Նախքան նիստի մեկնարկը EAFJD-ն և դրա հանձնաժողովում ընդգրկված հայկական ծագում ունեցող եվրոպացի քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել և Եվրոպայի խորհրդի նախագահին ու ԵՄ գործադիր մարմնին կոչ արել վերանայել և նիստի ժամանակ բարձրացնել հետևյալ հարցերը.

‼ Որ Եվրոպական խորհրդարանը մարտի 10-ին բանաձև է ընդունել, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ԼՂ բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների առնչությամբ՝ միևնույն ժամանակ դատապարտելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության կործանումը:

‼ Որ բանակակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ պետք է անցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հաշվի առնելով ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:

‼ Որ սահամանզատման և սահմանագծման ցանկացած գործողություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է պարտադրվի ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների խախտմամբ՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգությանն ու ԼՂ կարգավիճակը որոշել՝ բավարարելով Ադրբեջանի պահանջները:

‼ Որ հայ ռազմագերիներն ու գերիները կալանքի տակ են մնում՝ չնայած տարբեր կառավարությունների, կազմակերպությունների կողմից հնչած բազմաթիվ կոչերին:

‼ Որ պատերազմը, որը սանձազերծվել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ, չի կարող բերել որևէ տրանսպորտային հաղորդակցության պարտադրման՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության և տնտեսական շահերին:

‼ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մի մասը:

ԵՄ-ն պետք է օգտագործի իր բոլոր լծակները, որպեսզի դիմակայի Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշմանը: Խաղաղություն չի կարող հաստատվել, եթե տեղի տանք Ադրբեջանի հավակնություններին Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումների հաշվով»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ