Последние новости

ՀՀ ԱԳ նախարարն ու Բուլղարիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպմանը կարևորել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայտնել էինք, որ Միրզոյանը Բուլղարիայում է գտնվում պաշտոնական այցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

«Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:

Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:

ՀՀ ԱԳ նախարարն ու Բուլղարիայի նախագահը նաև շնորհավորել են միմյանց երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Կողմերը նշել են, որ այդ ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա:

Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնել 2 երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։

Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ