Последние новости

Սեչին․ Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով էներգետիկ ինքնասպանություն է գործում

Եվրոպան էներգետիկ ինքնասպանություն է գործում` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը։

«Եվրոպան իր վզին փաթաթած հակառուսական պատժամիջոցների հետևանքով վերջնականապես կորցրել է իր սուբյեկտայնությունը ու ԱՄՆ-ի համար ոչ միայն քաղաքական, այլև մրցունակ տնտեսական այլընտրանքային բևեռ դառնալու հնարավորությունը»,- ասել է նա։

Սեչինի խոսքով` հրաժարվելով ռուսական նավթից ու գազից, Եվրոպան վերածվել է աշխարհում ամենաթանկ էներգիա սպառող տարածաշրջանի` խաթարելով իր մրցունակության մակարդակը։

Սեչինը կանխատեսում է եվրոպական «էներգետիկ ինքնասպանության» երկարաժամկետ հետևանքները։

«Ռոսնեֆտի» ղեկավարն ընդգծել է նաև, որ պատժամիջոցները վերացրել են Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևավորված սեփականության պաշտպանության իրավունքի, բիզնես վարելու և դատարանում պաշտպանվելու հիմքերը։

Ինչ վերաբերում է ահագնացող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ապա, ըստ Սեչինի, պատժամիջոցները թեև սկզբնապատճառ չեն, բայց էապես խորացնում են իրավիճակը։

«Դեռ 2018 թվականին մենք խոսել ենք այն մասին, որ ածխաջրածնի շուկաներում պատժամիջոցների և վերջնագրերի քաղաքականությունը կհանգեցնի նավթի գնի մշտական «պատժամիջոցային պարգևավճարի» առաջացմանը, և նշել գնային նոր ռեկորդների ռիսկերը։ Այժմ այդ ամենն իրականություն է դարձել. գլոբալ տնտեսական ճգնաժամը թափ է առնում մեր աչքի առաջ», – ասել է Սեչինը։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ի ըմբռնմամբ` պատժամիջոցները «կախարդական փայտիկ են քաղաքական և տնտեսական նպատակներն իրագործելու համար»։ Երբ շուկայական մեխանիզմները նպատակների իրականացում չեն ապահովում, իսկ քաղաքական հնարավորությունները բացակայում են, ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառում առանց որևէ հիմքի։

«Պատժամիջոցները վերացնում են նախկինում անսասան պայմանագրային պարտավորությունների ինստիտուտը, բուն դատաիրավական համակարգը, ֆինանսական, տրանսպորտային և արդյունաբերական հատվածը, իսկ որպես հետևանք` սոցիալական ոլորտն ու արդյունքում բուն գլոբալ շուկան», – նշել է Սեչինը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ