Последние новости

Երևանում ընթանում է Orion Summit 2022-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում ընթանում է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի առանցքում ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաներն են (ֆոտոռեպորտաժ

 


Գագաթնաժողովին մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ։ Այցելուները հնարավորություն ունեն լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Orion Summit 2022–ի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը բացեցին Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը և Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը: Նրանք ներկայացրին գագաթնաժողովի նպատակները, հովանավորներին:

«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է՝ հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշեց Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ողջունեց Orion-ի բոլոր մասնակիցներին: «Նմանատիպ միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունեն: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կիսեն իրենց փորձն ու հաջողության պատմությունները: Սա նաև լավ հնարավորություն է մեզ համար արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները: Պետք չէ խուսափել նաև խնդիրների մասին խոսելուց: Ավելին, դրանք վեր հանելը և քննարկելը, լուծման խնդիրները մշակելը հնարավորություն են տալիս չկրկնել սխալները, խուսափել սխալներ գործելուց: Ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր նախարարության օրակարգում է, և մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարտափերի կայացման և առաջընթացի համար: Հաջողության իրենց ուղին հարթած և ձեռքբերումների հասած ընկերությունների փորձը լուրջ խթան և ազդակ կարող է հանդիսանալ առաջին քայլերն անող ստարտափերի համար:

Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի և այդ ներուժը մասամբ այստեղ է հավաքված: Համոզված եմ, որ այս գագաթնաժողովի արդյունքները երկար սպասել չեն տա: Բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ և վստահ եմ, որ միջոցառումը կանցնի արդյունավետ և կնպաստի, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ»»,-ասաց նախարարը:

Իր հերթին Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը նշեց, որ շատ կարևոր է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուն աջակցում է նման միջոցառմանը. «Այն, ինչ մենք փորձում ենք անել, ամբողջը տեխնոլոգիական նորարաությունների հիմնադրում է, որովհետև ապրում ենք թվային դարում: Այն, ինչ մենք անում ենք, թվային է, անգամ մեր նոր նախաձեռնության անվանումը «Թվային Ջուղա» է»,-ասաց նա:

Գագաթնաժողովը կտևի մեկ ամբողջական օր: Տեղի կունենա 5 պանելային քննարկում:

1-ին պանելային քննարկում

Գագաթնաժողովի ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

2-րդ պանելային քննարկում

Orion Summit 2022-ը մեկ հարթակի վրա կմիավորի գալիք միաեղջյուր ընկերությունների հիմնադիրներին, որոնք կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները և կմոտիվացնեն երիտասարդ ստարտափ հիմնադիրներին։ BAJ Accelerator-ի ծրագիրը աջակցելու է 10 հայկական միաեղջյուր ընկերությունների ճանապարհորդությանը 5-6 տարում:

3-րդ պանելային քննարկում

Առաջին անգամ Orion Summit-ը կներկայացնի Հայկական ստարտափ էկոհամակարգի համախմբման նախաձեռնությունը միաձուլումների և կլանումների միջոցով: Նաև կքննարկվեն ստարտափերի շատ արագ աճի հնարավոր խթանները:

4-րդ պանելային քննարկում

Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից են որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP- աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերը: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։

Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։

5-րդ պանելային քննարկում

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հայտարարել Համահայկական առևտրային, մտավոր, տեխնոլոգիական և մշակութային ուժը համախմբող նախաձեռնության «Թվային Ջուղայի ցանցը»։ Նպատակը կրկին ոտքի կանգնելն է Հայաստանի և հայության տնտեսական և ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանց համաշխարհային մասշտաբով։ Նոր Ջուղայի 300+ տարեկան հայ վաճառականների հզոր ցանցը առևտուր էր իրականացնում Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Թվային Ջուղան նրա էվոլյուցիան է համաշխարհային մակարդակով, որի հիմնական շարժիչ ուժը նորարարությունն է:

BAJ Accelerator պորտֆոլիո ընկերությունները կկիսեն իրենց արագ աճի ռազմավարությունը և շուկա ներթափանցումը:

Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը: Քննարկմանը կմասնակցեն cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնիանսը, Service Titan Armenia-ի ղեկավար Աշոտ Տոնոյանը, BDO -Հայաստանի ներկայացուցիչները։

Orion Summit 2022–ի շրջանակներում տեղի կունենա BAJ Unicorn Academy-ի ավարտական արարողությունը և մրցանակաբաշխությունը:

Իսկ վերջում երաժշտական կատարումներով հանդես կգա Ջոել Ա. Մարտինը՝ ներկայացնելով Կոմիտասի ստեղծագործությունների ջազային մշակումները: Նաև կցուցադրվեն հայ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները:

Նշենք, որ «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Նշենք, որ News.am լրատվական վերլուծական գործակալությունը Orion Summit 2022-ի տեղեկատվկան գործընկերն է:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ