Последние новости

ՀՅԴ․ Տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում չկա

ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձեւ զարգացում եւ էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան են վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը եւ միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս  տարի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայությունների եւ առեւտրի ոլորտները: Մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունը աճել է 1.9 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 6.4 տոկոսով: Նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թվականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին շինարարությունը աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտի աճի վրա դեռեւս մեծ ազդեցություն ունեն պետական վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը: Ի դեպ՝ հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհատվածի (Տրանշներ 1.-ը եւ 2.-ը) շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի սեպտեմբերին, սակայն շինարարության ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ երկարաձգվելու է շինարարական աշխատանքների ժամանակացույցը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բյուջեի վրա: Վստահաբար կարելի է նշել, որ հատկացված վարկային միջոցները բավարար չեն լինի ծրագիրը ավարտին հասցնելու համար:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին առեւտուրը աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 4.3 տոկոսով: Հատկանշական է, որ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում են, հրապարակում են միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության  աճի մասին, մինչդեռ նախորդ տարի ավելի քիչ ՀԴՄ կտրոններ տպագրելով՝  առեւտրի ոլորտն ավելի արագ է աճել: Հետեւաբար, Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման հիմքում առավել ընդգրկուն ցուցանիշներ պետք է դնել։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայության ոլորտը աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը ավելացել է 2,4 տոկոսով: Ծառայության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ եւ բանկային համակարգի ցուցանիշերի զգալի բարելավմամբ:

Տնտեսության վիճակը, ստվերայնության աստիճանը գնահատելու համար հաճախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության եւ իրացման ծավալների ցուցիչը: Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկումը գլխավորապես բացատրվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կրճատմամբ:

Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումը իր ազդեցությունն է թողել արտահանման եւ ներմուծման ցուցանիշների վրա, մասնավորապես՝

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող եւ արտահանվող պնղձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

    • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
      2021-05-07 17:05

      Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։