Последние новости

«Զարթոնք»-ի գյուղապետը հրաժարական է տվել

Նախօրեին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները:

Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղի բնակիչների մի մասը պահանջում է գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, գյուղում կրակոցներ են հնչել։

ՀՀ ոստիկանության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։

Մարզպետի և Սարգսյանի քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին նախօրեին հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունը:

«Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության»,- ասվում է հաղորդման մեջ:

Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին:

Ամփոփելով հանդիպումը` մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց` հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:

«Ազատությունը», հղում անելով ՀՀ ՔԿ–ին, հայտնել է, որ գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ», տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ