Последние новости

«Սպայկա» ընկերությանը խոշոր վարկ տրամադրելու գործընթացը կասեցված է

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հետաձգել է «Սպայկա» ընկերության վարկավորմանն ուղղված ծրագրի իրականացումը: Այս մասին ապրիլի 25-ին Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում EADaily-ի թղթակցին ասել է ԵԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Բելյանինովը:

«Այնտեղ պահանջներ կան հարկերի վճարման հետ կապված, ուստի մենք դեռ կասեցնում ենք: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն «Սպայկայի» մասով կասեցվել է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է», - ասել է Բելյանինովը:

Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք ԵԱԶԲ-ն կշարունակի համագործակցությունը «Սպայկայի» հետ, եթե ընկերությունն իր խնդիրները լուծի Հայաստանի իշխանությունների հետ, բանկի ղեկավարը պատասխանեց. «Մենք ծրագիրն արխիվ չենք ուղղարկել, այժմ այն ուղղակի կասեցված է: Պատճառը ֆորս մաժորային իրավիճակն է»:

ԵԱԶԲ-ն նախատեսում էր «Սպայկային» 67 միլիոն դոլարի վարկ տրամադրել՝ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ծրագրի իրականացման համար:

Ապրիլի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ