Последние новости

Թումանյանի թանգարանն ու «Արմենպրես»-ը համատեղ ցուցահանդեսով նշանավորեցին գրողի հոբելյանը

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։

Ցուցահանդեսի երկրորդ բաժնում «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութերն են` նվիրված գրողի 150-ամյակին: Ցուցանմուշներում ներկայացված է Թումանյանի կենսագրական շղթան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 11-ին:

 Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ցուցադրված մի շարք լուսանկարներից առանձնացրեց Թումանյանի ընտանիքի միակ լուսանկարը, որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են: «Սա 1914 թվականի գարնանն արված լուսանկար է. ճակատագրական մի տարեթիվ, որից հետո ընտանիքի անդամներն առանձնացան, որպեսզի յուրաքանչյուրն իր առաքելությունն իրագործի: Հետաքրքիր է նաև Թումանյանի դստեր`Թամարի լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թվականին Մետեխի բանտում այցելել էր հորը: Այդ հագուստի ծալքերի մեջ պահելով` նա տուն էր բերել «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունն ու «Վայրէջք» բանաստեղծությունը: Թամարը մշտապես հպարտացել է, որ հոր երկու գործերի փրկիչն է»,-պատմեց Եղիազարյանը:

 Ներկայացնելով Անուշ Թումանյանի կերպարը` տնօրենն ասաց, որ նա յուրահատուկ աղջիկ էր: «Անուշը շատ է սիրել լուսանկարվել: Նա բավականին ռոմանտիկ էր, բանաստեղծական քնքուշ հոգի ուներ և ստեղծագործական պատառիկներ է գրել, որոնք մենք նախատեսում ենք հրատարակել: Թումանյանի և Անուշի զրույցները հիմնականում վերաբերել են գեղարվեստին, գրականությանը»,-նշեց Եղիազարյանը:

 Թումանյանի որդիներից Արտավազդը դրամատուրգ էր։ Եղիազարյանի խոսքով` երբ Թումանյանը նրան մարդկանց հետ էր ծանոթացնում, Արտավազդը շեշտում էր, որ դրամատուրգ է: «Արտավազդը գրել է հետաքրքիր պիեսներ` անդրադառնալով համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կենսագրություններին: Նրա պիեսներից մեկն անգամ բեմադրվել է: Ավաղ, նա զոհվել է 24 տարեկանում Վանի գաղթի ժամանակ»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

 Ցուցադրված ալբոմներում ոչ միայն ընտանիքի անդամների լուսանկարներն են, այլև գեղարվեստական գործեր: Ալբոմներից մեկում էլ այն մարդկանց լուսանկարներն են, որոնց հետ Թումանյանը հաղորդակցվել է. նրանցից է Խրիմյան Հայրիկը:

 «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ներկայացնելով գործակալության եզակի ցուցանմուշները, շեշտեց, որ դրանք ունեն բացառիկ արխիվային արժեք:

 «Սա հետահայաց ցուցահանդես է, որում ներկայացրել ենք այն ցուցադրության բացառիկ պահպանված նմուշները, որ «Արմենպրես»-ը կազմակերպել և պատրաստել էր Թումանյանի 100-ամյակի կապակցությամբ: Ցուցանմուշներն ունեն բացառիկ արխիվային արժեք: Մենք ոչ միայն թվայնացրել ենք մեր գզրոցների ժապավենները, այլև փորձել ենք ներկայացնել ժամանակի ցուցահանդեսային մշակույթը»,-նշեց Անանյանը:

 Գործակալության տնօրենն ընդգծեց, որ ոչ միայն ներկայացրել են բացառիկ կտորներ, որոնք թվայնացումից հետո հասանելի են բոլորին, այլև ցուցադրել են  ժամանակին գործակալության կատարած աշխատանքը` ուղղված Թումանյանի հանրահռչակմանը:

 «Նպատակ ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի, Կոմիտասի 150-ամյակին համանման ցուցադրություն կկազմակերպենք և ցուցահանդես կիրականացնենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Կոմիտասն ու Թումանյանը հաճախ են հանդիպել: Դա կդառնա մեծերի յուրահատուկ միավորում իրենց հարազատ մշակութային օջախում»,-եզրափակեց Արամ Անանյանը:

 Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 20-ը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Հին հռոմեական խճանկարների ցուցադրություն - ՀՀ Նախագահի նստավայրում
      2019-09-05 19:46

      ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:

    • Մեծ շանսոնյեի անվան կենտրոն
      2019-04-11 11:50

      Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

    • Կոմիտասի 5 նամակներ
      2019-04-10 17:23

      «Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

    • Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին
      2019-03-26 13:34

      Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։