Последние новости

ԻՐԱՎԱԲԱՆ-ԲՆԱՊԱՀՊԱՆ Ն․ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանը շարունակում է պնդել, որ «Լիդիան Արմենիան» հնարավորություն չունի Ամուլսարում վերսկսկել աշխատանքները՝ չնայած ընկերության հայտարարությանը։

«Լիդիան Արմենիա»-ն հայտարարության մեջ նաև նշել էր, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես խոսքը Նազելի Վարդանյանի՝ Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում արած այն հայտարարությունն էր, որ «...հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Panorama.am-ը դիմեց իրավաբան Նազելի Վարդանյանին՝ հարցնելով, թե ի՞նչ հիմքով է նման հայտարարություն արել։ Նա նշեց, որ «Հայկական բնապահպանական ճակատի» կայքում դրված է 2020թ-ի մայիսի 4-ին Կանադայի առևտրային դատարանի կայացրած որոշումը։

«Հայտնում ենք, որ 2019թ դեկտեմբերից Լիդիանը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։ 2020թ-ի մայիսի 4-ին, դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ Լիդիանի պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկը, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ ընկերությունը օգտվեն Լիդիանի հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և պարտադրեն Լիդիանին պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։ Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ»,- նշված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաև դատարանի որոշումը։

Ն. Վարդանյանը բացատրեց. «Կանադայում կա պարտապանների պաշտպանության ակտ, ովքեր 5 միլիոն դոլարից ավելի պարտք ունեն, իսկ իրենք 5 միլիոնից ավելի պարտք ունեն։ Դեկտեմբերին վերջնաժամկետ էր, որ իրենք իրենց պարտատերերի բոլոր արտքերը փակեն ու չերկարացվեց։ Կամ պետք է պարտքերը վերադարձվեին, իսկ իրենք այդ գումարը չունիեն կամ սնանկ ճանաչվեին։ Այդ օրենքի համաձայն Լիդիանը դիմեց Օնտարիոյի դատարան, որպեսզի պաշտպանված լինի, ժամանակ շահի ու այդ ընթացքում առողջացաման պրոցես գնա, կամ գումար ճարի, կամ ֆինանսական փոփոխություններ անի, կամ հանքը վաճառի։ Այդ ընթացքում Տորոնտոյի բիրժայում իրենց արգելափակեցին, իսկ փետրվարի սկզբից իրենց ցուցակից հանեցին, այսինքն՝ Տորոնտոյի բիրժայում արդեն չէին կարող ակցիաներ վաճառել։ Այնուհետև դատական նիստերը հետաձգվում էին, մայիսի 4-ին իրենք դադարեցրել են պաշտպանությունը։ Դրանից հետո պարտատերերն իրենց գումարներն ուզելու են։ Իրենք այդ գումարը չունեն, հաշվետվություն էլ չեն ներկայացնում։ Հաշվետվություն չներկայացնելը նշանակում է, որ գնում է դեպի սնանկացման։ Դրա համար ասել եմ՝ հավանաբար սա վերջն է, չեմ ասել հենց այսօր է։ Դեռ պրոցես կա, բայց քանի որ դատարանն էր մինչև հիմա իրենց պահում, ժամկետ տալիս, որ գումար հայթայթեն, վաճառեն, դատարանի պաշտպանությունն արդեն վերացել է»։

Նա նշեց, որ ընկերությունը գումար չունի, ոչ էլ դեպի Ամուլսար ճանապարհը փակող տղաները թույլ կտան, որ շարունակեն աշխատանքները։

«Այդ ամեն ինչն անում է, որ ինչ –որ մի ձևի վաճառեն։ Մի ժամանակ խոսք էր գնում, որ վաճառելու են, բայց ջերմուկցիների համար կապ չունի՝ ով կլինի, ամեն դեպքում դեմ են հանքի շահագործմանը։ Ջերմուկում իրենց գրասենյակն էլ են փակել»,- ասաց Ն. Վարդանյանը։

Այն դիտարկմանը՝ Ընկերությունը հայտարարել է, որ իրենց իրավաբանական թիմը կդիտարկի Նազելի Վարդանյանի դեմ ևս մեկ հայցի ներկայացման նպատակահարմարությունը, քանի որ Ն. Վարդանյանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն և անել անտրամաբանական հայտարարություններ՝ մոլորեցնելով հանրությանը, իրավաբան-բնապահպանն արձագանքեց. «Ուզում են հազար հատ հայտ ներկայացնեն։ Իրենք արդեն փրփրուներից են ձեռքները գցում»։

Նշենք, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը օրերս բավարարել էր ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին: Դատարանի այս որոշումը Ն. Վարդանյանը բողոքարկելու է։

Նա նշեց, որ ինքը դատական նիստերին չի մասնակցել, ծանուցումներ չի ստացել, քանի որ սխալ հասցեներով են ուղարկել, թեև իրենից բազմաթիվ նամակներ են ունեցել այն հասցեով, որտեղ ինքը բնակվում է, դատական նիստերի մասին տեղեկացել է լրագրողներից։

«Դատաքննության փուլում նամակ եմ գրել, թե ինչպես եք անցնել դատաքննության փուլ, երբ ծանուցում չեմ ստացել։ Ինձ կանչել են դատարան։ Մեկ անգամ եմ եղել դատարանում, այդ օրն ինձ փաստաթղթեր են տվել, եկել եմ, որ դրանց ծանոթանամ, հաջորդ նիստին մասնակցեմ։ Դրանից հետո նիստ է եղել, երկրում չեմ եղել, տոմսը ներկայացրել եմ։ Միջնորդություն էի ներկայացրել, որ նորից սկսեն նախնական քննությունը, չեն արձագանքել։ Վերջին նիստը մայիսին էր։ Այդ օրը ջերմություն եմ ունեցել, վտանգավոր էր էլ ուրիշների համար, չգիտեի, թե այդ ջերմությունն ինչից էր։ Միջնորդություն էի ուղարկել, զանգել էի։ Բայց նիստը կայացել է, ի վնաս ինձ որոշում է կայացվել, առանց ինձ լսելու արդարադատություն են իրականացրել ըստ իրենց։ Իմ դատական պաշտպանության իրավունքը խախտել են։ Առանց ինձ դատ են արել, ինձ զրպարտող են համարում, գումար են գանձում։ Այդպիս բան ով է տեսել, լսել։ Իհարկե, բողոքարկելու եմ»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ