Последние новости

Փաշինյանի խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը և այն զավեշտալի անվանել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արված հայտարարություններին:

«Պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին»,- նշել է Գևորգյանը Facebook-յան էջում արված հայտարարության մեջ:

Նրա խոսքով, եթե Ալիևը չի վստահում անտիկ պատմաբաններին, թող գոնե կարդար 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փևչևիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջևդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլև ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։

 «Հակառակ դեպքում 19-րդ դարի որևէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում»,- գրել է Գևորգյանը:

Նա նշել է, որ պարոն Ալիևը պետք է լավ իմանար դեռևս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին:

«Պարոն Ալիևը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել: Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ»,- հայտնել է Գևորգյանը:

Նա նույնպես առաջարկել  է նրան դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, քանզի «նրանք կհարստացնեն պարոն Ալիևի գիտելիքները»։

«Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիևի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը»,- ընդգծել է Մանե Գևորգյանը:

Նա հարց է հնչեցնում. ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները:

«Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, և քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը»,- գրել է Գևորգյանը:

Նրա խոսքով, ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձև է առաջարկել. Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձևը չի ընդունում պարոն Ալիևը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչո՞ւ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը: Պարոն Ալիևը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»,- նշել է Գևորգյանը:

Ի՞նչ է ասել Ալիևը

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշման մասին, որը հիմնվում է միջազգային իրավունքի և պատմական արդարության վրա: Նրա խոսքով, հակամարտությունը պետք է լուծում ստանա Ադրբեջանի տաչածքային ամբողջականության շրջանակում:

Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար և նրա գործունեությունը «նմանակում» անվանել՝ անթույլատրելի համարելով Արցախի մասնակցությունը բանակցություններին:

«Եթե բանակցությունները չլինեն առարկայական, մենք չենք մասնակցելու դրանց»,- նշել է Ալիևը:

Նովոստի-Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ