Последние новости

Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ քիչ առաջ տեղեկություն է ստացել ԶՈւ-երի գործողություններից այն մասին, որ հայկական կողմն ադրբեջանական մի քանի ԱԹՍ է խոցել:

«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցված ոչ թե մեկ, այլ մի քանի ԱԹՍ, որոնցից մեկը՝ կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողությունները ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:

Իսկ ադրբեջանական սադրիչ գործողությունների վերաբերյալ դիվանագիտական գնահատականներն, ըստ նրա, արդեն կախված կլինեն այն բանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր քաղաքականությունը:

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ իր ելույթում անդրադարձավ քիչ առաջ պաշտոնապես հաստատված տեղեկությանը, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի արկերից ռմբակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը:

«Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած պատասխանից դասեր չի քաղել: Ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ: Հայկական ԶՈՒ-ն այս ընթացքում ձեռնպահ մնաց Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ որևէ արկ արձակելուց: Կրակն ամբողջության ուղղորդված էր ինժեներական կառույցների ու ռազմատեխնիկայի ուղղությամբ» ,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման պայմաններում հայկական կողմը ստիպված է լինելու նույն լեզվով խոսել նրանց հետ:

«Հայկական բանակը երկու տարվա մեջ բավականին փոխվել է: Մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ, ցանկացած օբյեկտ»,- ԱԺ ամբիոնից Ադրբեջանին հիշեցրեց Տիգրան Կարապետյանը։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում նշեց, որ հայկական կողմը սպասում է ՀԱՊԿ արձագանքին, քանի որ խոսքը ոչ թե Արցախյան հակամարտության շփման գծի, այլ Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգության մասին է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս հայտարարեց, որ անհրաժեշտ պահին ՀՀ հանրությունը ցույց տվեց, որ երկրի ողնաշարն ամուր է, իսկ խորհրդարանական ու դիվանագիտական խողովակները պետք է օգտագործվեն աշխարհին Ադրբեջանի քստմնելի արարքները ի ցույց դնելու ու ռեալ գնահատականներ ստանալու ուղղությամբ:

«Այս առումով բոլորս շատ գործ ունենք անելու՝ թե՛ տեղեկատվական պատերազմի, թե՛ արտաքին քաղաքական բնագավառում»,- ասաց Մարուքյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ