Последние новости

Տավուշի մարզի ավերված տների բնակիչների համար պետությունը նոր տներ կկառուցի

ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական ԶՈւ-ի գիշերային հրետակոծության հետևանքով Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերում ու Բերդ քաղաքում վնասվել են տասից ավելի բնակելի տներ, ենթակառուցվածքներ: Այսօր Տավուշի մարզում կայացած ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առանձնապես ուզում եմ նշել Այգեպար գյուղի մանկապարտեզի ռմբահարումը,- ասաց նա,- վնասվել է ջրագիծ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Մարզում հայտարարված է ներքին մոբիլիզացիա՝ պատսպարման առումով, իսկ հրետակոծության ընթացքում բնակչությունը հիմնականում գտնվել է ապաստարաններում ու նկուղներում:

«Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ ու զոհեր չունենք»,- ասաց մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով մարզի բնակչությանը՝ միասնական գործելու համար և բոլոր կառույցների աշխատակիցներին, որոնք մասնակցել են քաղպաշտպանության իրականացմանը:

Մարզում ստեղծվել է հրետակոծված շինությունների գնահատման ու գույքագրման հանձնաժողով, որն ամեն օր զբաղվելու է քաղաքացիների կրած վնասների հաշվառմամբ ու գնահատմամբ:

«Վաղվանից մենք սկսելու ենք վնասված տների վերակառուցման աշխատանքները, իսկ այն տների փոխարեն, որոնց վերականգնումը հնարավոր չի լինի, կկառուցվեն նորերը: Ես ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն ու վստահ, որ մենք ամենասեղմ հարցերում լուծելու ենք իրենց բնակարանային ապահովման հարցերը:

Մարզպետը հայտարարեց, որ թեև համայնքներում խուճապ չկա, բայց բնակչությունը պետք է հնարավորինս մնա պատսպարված և պատրաստ լինի իրավիճակի ցանկացած փոփոխության՝ ցանկացած ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ