Последние новости

Նաիրա Զոհրաբյանը դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին

ԲՀ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին։

«ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ

Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետևողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։

Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, և գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:
Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։

Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետևողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետևողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։

Ուզում եմ նաև ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։

ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ