Последние новости

Հայկական ապրանքն անհետացել է

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին հայտնել է, որ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից անհետացել են հայկական ապրանքները։

Ավելի վաղը խանութների ցանցի հայ մատակարարների հետ կապված խնդիրների մասին Facebook-ում հայտնել էր Export Armenia միության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Նա գրել էր, որ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Твой дом» առևտրի կենտրոնների ցանցից։

«Առավոտյան մեզ դիմեցին հայ խոշոր արտահանողները և պատմեցին, որ ամբողջ «Твой дом» ցանցի առևտրի կենտրոններից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլ մարդկանց (հարևան երկրից), վերացրել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի ու ալկոհոլի մասին է։ «Ընդ որում՝ բոլոր ցուցափեղկերը լցված են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա արդեն սադրանք է` ուղղված Ռուսաստանի առևտրի կենտրոնները մի «Մեծ Լեռնային Ղարաբաղ» սարքելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և մատակարարների նամակագրությունները առևտրի կենտրոնների մենեջերների հետ։ Վերջիններս բացեիբաց հղում են անում ղեկավարության հրահանգին, խոսում են Հայաստանից ներկրված ապրանքների ընդունումը դադարեցնելու մասին։ Դա փաստ է։ Ես այդ մասին տեղյակ եմ պահել համապատասխան մարմիններին»,-ասել է Տողանյանը։

Դեսպանի խոսքով` այնպես, ինչպես «Твой дом»-ն է հայ մատակարարներին մերժել նրանց ապրանքները վաճառելու հարցում, ավելի քաղաքակիրթ ձև է, քան այն իրավիճակը, որը ծագել էր «Ֆուդ սիթիում»։

«Այն ժամանակ անվտանգության ծառայությունը պարզապես ուժով դուրս էր շպրտում մարդկանց։ Այստեղ ուղղակի մի ժամում ցուցափեղկերից անհետացան բոլոր հայկական ապրանքները։ Պահեստային տարածքները դադարեցին ընդունել ապրանքները»,-ավելացրել է դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ