Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ. ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ

News.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս ութերորդ:

() Իրավիճակը խորանում է այն հանգամանքով, որ նոր, ադրբեջանական ազգի ձևավորման գործընթացը մինչև հիմա չի ավարտվել: Այո, որոշ էթնիկ խմբեր, օրինակ՝ իրանական թաթերը, որոնց թվաքանակը կազմում է մոտ 2 միլիոն, գործնականում ձուլվել են միասնական ադրբեջանական ազգին: Ադրբեջանում անհետացել են նաև քրդերը, մի շարք դաղստանցի ժողովուրդներ: Այդուհանդերձ, որոշ ժողովուրդներ կարողացել են այս կամ այն չափով պահպանել իրենց ազգային ինքնությունը: Նրանց են պատկանում կովկասալեզու լեզգիները և ավարները, որոնք համահավաք բնակվում են ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության հյուսիսում՝ Դաղստանի սահմանին, ինչպես նաև իրանալեզու թալիշները, որոնց բնակության տարածքը Ադրբեջանի հարավում է՝ Իրանի սահմանին: Ընդհանուր տարածքը, որ զբաղեցնում են այս ժողովուրդները, կազմում է Ադրբեջանի ներկայիս տարածքի մոտ քառորդ մասը, իսկ նրանց թվաքանակը՝ այս երկրի բնակչության մոտ երրորդ մասը:

Սա նկատի ունենալով՝ Ադրբեջանն ապրում է այս ազգերի ինքնորոշման մշտական սպառնալիքի ներքո, ինչը կարող է հանգեցնել անգամ այդ պետության փլուզման: Ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ այդպիսի նախադեպեր եղել են: Այսպես՝ XX դարում թալիշները 2 անգամ պետականություն են հռչակել: 1919 թվականի մայիսի 15-ին հռչակվել է Մուղանի Խորհրդային Հանրապետությունը, որը գոյատևել է մոտ 3 ամիս: Մոտ 3 ամիս է գոյատևել նաև 1993 թվականի հունիսի վերջին հռչակված Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 28-ին լեզգի ժողովրդի Համազգային համագումարի որոշմամբ, որը տեղի է ունեցել Դաղստանի Կասումքենդ գյուղում, հռչակագիր է ընդունվել լեզգի ժողովրդի պետականության վերականգնման և Սամուր գետի երկու ափերին Լեզգիստանի Հանրապետության ստեղծման մասին:

Չնայած ադրբեջանական իշխանությունները թալիշական պետականությունը ոչնչացրին, իսկ լեզգիների որոշումն այդպես էլ թղթի վրա մնաց, այս և մյուս ժողովուրդները չեն հրաժարվել իրենց պայքարից: Այսպես՝ թալիշները պարբերաբար դիմում են տարբեր երկրների և ընդհանրապես միջազգային հանրությանը, հեղինակավոր կառույցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող մշտական ճնշման վրա: Օրինակ՝ 2008 թվականին նրանք դիմել են եվրոպական երկրների ներկայացուցիչներին, 2009 թվականին՝ միջազգային հանրությանը: Համանման դիմումներով են հանդես եկել նաև մյուս ազգային փոքրամասնությունները: 2008 թվականին ավարները դիմել էին Դաղստանի նախագահին՝ խնդրելով պաշտպանել Բաքվի իշխանությունների կողմից անցկացվող բռնի ադրբեջանացման քաղաքականությունից:

Հաճախ տեղի են ունենում նաև կոնֆլիկտներ և բախումներ երկրի ազգային փոքրամասնությունների և իշխանությունների միջև, այդ թվում նաև տարածաշրջանային մակարդակով: Այսպես՝ 2017 թվականի մարտին Ադրբեջանի Հանրապետության Կաբալինի շրջանում ազգությամբ լեզգի ֆերմերները ցույցեր կազմակերպեցին՝ կապված լեզգի ֆերմերների արտաքսման հետ:

Հաճախ ազգային փոքրամասնությունների և կենտրոնական իշխանությունների միջև կոնֆլիկտը տեղափոխվում է հարևան պետություններ, մասնավորապես՝ ռուսական Դաղստան: Այսպես՝ 2013 թվականի հունիսին Դերբենտում բողոքի զանգվածային ցույցեր անցկացվեցին՝ կապված այն բանի հետ, որ իշխանությունները որոշում ընդունեցին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը Հեյդար Ալիևի անունով անվանակոչելու մասին: Ակցիաների կազմակերպիչներին էին Դաշնային լեզգիական ազգային-մշակութային ինքնավարությունը, «Սադվալ» հասարակական կազմակերպությունը, «Խրախ-Ուբա միությունը», որոնք կարծում էին, որ Ադրբեջանին լեզգիական երկու գյուղերի փոխանցման, Սամուր գետի ջրահավաքի ու լեզգիական 2,5 հազար հա հողերի յուրացման հետևանքները էթնիկ լեզգիների իրավունքների ոտնահարման կհանգեցնեն:

Դժգոհութուն կա նաև կապված տվյալ երկրի իշխանությունների կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ուղարկելու հետ: Մի քանի տարի առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ և Ադրբեջանի բնիկ ժողովուրդների առաջնորդներ դիմեցին հանրապետությունում ապրող իրենց հայրենակիցներին՝ նշելով, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն իրենց ստիպում է կռվել Արցախի հայերի դեմ, և դա ամենամեծ անարդարությունն է, որին ակամայից մասնակցում են բնիկ ժողովուրդները:

Իրավիճակը խորանում է նաև նրանով, որ որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության բաղադրիչ Ադրբեջանի և նրա բնակչության թուրքացման քաղաքականությանն ակտիվորեն նպաստում էր Թուրքիան: Այսպես, ադրբեջանցի և թուրք առաջնորդները ԽՍՀՄ փլուզումից ի վեր ակտիվորեն քարոզում էին «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը: Նման դիրքորոշումը նպատակ ուներ խաթարել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ամբողջ Մերձավոր, Միջին Արևելքում, Կենտրոնական Ասիայում՝ հասնելով ընդհուպ մինչև Չինաստան:

Այսպիսով, ադրբեջանական ազգի և ազգային ինքնության ձևավորման խախտված բնական ընթացքը գլխավոր օբյեկտիվ խոչընդոտներից էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այլ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու այլ ազգերի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

Ընդհանուր պետության շրջանակում երկու ազգերի ներդաշնակ համագոյակցությունն անհնար է նույնիսկ ընդհանուր գաղափարախոսության բացակայության պայմաններում: Խորհրդային շրջանում նման գաղափարախոսությունն էր կոմունիզմը, սակայն այն ևս չկարողացավ համապատասխան պայմաններ ստեղծել: Դա չի կարող անել նաև ժողովրդավարությունը, քանի որ Ադրբեջանում ժողովրդավարությունն անհնար է: Եթե այնտեղ ժողովրդավարություն սահմանվի, ապա Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Սակայն այդ դեպքում Ադրբեջանի այլ ազգեր, օրինակ՝ լեզգիններն ու թալիշները, կարող են անկախություն պահանջել: Իսկ դա արդեն վտանգ է ներկայացնում որպես անկախ պետություն Ադրբեջանի գոյությանը:

Եզրակացություն

Վերոնշյալ պատմական, էթնիկական և քաղաքական գործոնները ձևավորեցին Ադրբեջանի քաղաքական էլիտայի նոր մենթալիտետը: Ադրբեջանի համար պետական ամբողջականության պահպանման միակ միջոցն է ազգային փոքրամասնությունների շրջանում ազգային ցանկացած շարժում ճնշելը: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ընդունում է որպես գլխավոր սպառնալիք իր պետության գոյության համար: Ադրբեջանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում այլ ազգեր անկախություն կպահանջեն: Ադրբեջանի համար ինքնավարությունն ավելի մեծ վտանգ է, քան անկախությունը, քանի որ այլ էթնոխմբեր ևս կարող են ինքնավարություն պահանջել, ինչը հղի է ոչ միայն անկախության հնարավոր անցմամբ, այլ նաև միասնական և համախմբված ադրբեջանական ազգ հասկացության վերացմամբ: Այսպիսով, Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միայն 2 տարբերակ կա: Առաջինը՝ Ղարաբաղն առանց հայերի, և երկրորդը՝ հակամարտության կարգավորման սառեցում՝ առաջին սցենարը կյանքի կոչելու անհնարինության դեպքում:

Նույնիսկ եթե հակամարտությունը կարգավորվի, և Ադրբեջանի Հանրապետությունը ստիպված լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Ադրբեջանը չի հրաժարվի հակահայկական քաղաքականությունից, քանի որ դա Բաքվին թույլ է տալիս իր ազգային փոքրամասնություններին ցույց տալ, որ ոչ մի դեպքում չի հանդուրժի այս կամ այն տարածքի կորուստ, իսկ վերջիններս, իրենց հերթին, կմտածեն՝ նախքան սեցեսիայի ճանապարհին կանգնելը: Այսպիսով, Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի ժողովրդի ինքնորոշումն ընդունվում է որպես սպառնալիք մյուս ժողովուրդների ինքնորոշման համար:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ