Последние новости

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

«Իմ քայլը» խմբակցության նիստում այսօր քննարկվել է ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցը: Այս մասին այսօր նիստի ավարտին լրագրողներին հայտնեց խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա վստահեցրեց, որ խմբակցությունն առաջադրված թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի:

«Դիրքորոշում չի կարող լինել, դիրքորոշումը կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկություն, կկայացվի որոշումը, և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից կերևա Աժ դիրքորոշումը՝ կոնկրետ թեկնածուի նկատմամբ»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են հնչեցրել, պատասխաններ ստացել և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ որոշում է կկայացնի:

Պատասխանելով ՀՀ նախագահի կողմից՝ մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին դարձյալ առաջադրելու մասին հարցին, Բաղդասարյանը ընդգծեց, որ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխվել:

«Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի ձևով, ես նույն ձևով կքվեարկեմ նաև այսօր կամ վաղը: Ի վերջո, այդ մարդու չափանիշների, մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվեց: Անհասկանալի է նախագահի այն քայլը, որ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է, և այդ որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացրել: Ես պետք է հասկանամ, թե ինչու այն ժամանակ այնպես եմ որոշել, իսկ հիմա այլ կերպ եմ որոշում»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածու (ևս մեկ թեկնածու հրաժարվել է առաջադրումից՝ այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Առաջադրվածներից մեկն էլ Արթուր Վաղարշյանն էր, ում թեկնածությունն ԱԺ-ը 2019թ. մայիսի 29-ին մերժել էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ