Последние новости

ԱԳՐԵՍԻՎ ՑԻՆԻԶՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԶՐԿՈՒՄ Է ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

«Իշխանությունը կորցնելու ամենակարճ ճանապարհը ցինիզմն է, իսկ Փաշինյանի իշխանությունն արդեն դարձել է անթաքույց ցինիկ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

-Խոսենք Արցախի հարցով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի մասին։ Ի՞նչ ունենք այսօր։

-Առաջինը, ինչի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել, այն փաստն է, որ վարչապետ Փաշինյանի մոտ իսպառ բացակայում է համակարգված մոտեցումը արցախ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Մի կողմից, վարչապետ ընտրվելուց հետո սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ սուբյեկտ։ Սակայն որոշ ժամանակ անց, տուրք տալով, իմ կարծիքով, նեղ քաղաքական նկատառումներին, նա վերցրեց ու հայտարարեց, թե Արցախը Հայաստան է, ընդ որում ոչ մի ճշգրտում չմտցնելով, թե ինչ նկատի ունի։ Արդյունքում տպավորություն ստեղծվեց, որ Փաշինյանն ակնարկում է, թե Արցախը դե-ֆակտո Հայաստանի Հանրապետության մասն է։ Կարելի էր հետո ինչ-որ կերպ ճշտել միտքը, ընդգծելով, որ Արցախը հայոց հայրենիքի մասն է, և ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնար։ Եվ նման հայտարարությունը ոչ մի անցանկալի հետևանքներ չէր գործի բանակցային գործընթացի վրա։ Սակայն Փաշինյանը կանխամտածված, ինչպես ես եմ կարծում, ոչ մի կերպ չճշգրտեց իր միտքը, դրանով իսկ սադրելով ամեն տեսակի մեկնաբանություններ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այն տեսքով, որով արվեց, Փաշինյանի հայտարարությունը փաստորեն զրոյացնում է Արցախի սուբյեկտությունը։

-Եթե Հայաստանի վարչապետը պնդում է, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ապա ենթադրվում է, որ նման հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը պետք է անի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ընդգծի Արցախի սուբյեկտությունը։ Այդպես չէ՞։

-Անկասկած։ Սակայն դրան հաջորդում է երկիմաստ հայտարարություն՝ այն ակնարկումով, թե Արցախը փաստացի ՀՀ մասն է։ Իհարկե, Փաշինյանը բառացիորեն այդպես չասաց, բայց այնպես արտահայտվեց, որ նման տպավորություն ստեղծվեց։ Եվ դեռ ինքն էլ բացարձակապես ոչինչ չարեց՝ ցրելու համար կասկածները հենց նման մեկնաբանության առիթով։ Ավելին, Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո մենք ականատես դարձանք անհեթեթ, բռի և բացարձակապես անընդունելի ակնարկների՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին, ինչպես, օրինակ՝ «մարզպետ» և այլն։ Ինչն էլ հաստատում է վատթարագույն մտավախությունները. իր, մեղմ ասած, անզգույշ հայտարարություններով Փաշինյանը, կրկնում եմ, զրոյացնում է Արցախի սուբյեկտությունը և էական խնդիրներ ստեղծում բանակցային գործընթացում։ Մինչդեռ այստեղ ես տեսում եմ ոչ թե անզգուշություն կամ պատահականություն, այլ Փաշինյանի նպատակաուղղված ձգտում՝ ընդգծելու իր իշխանությունը Ստեփանակերտի վրա։ Իսկ դա իր հերթին վկայում է այն մասին, որ այդ մարդն ի վիճակի չէ զատել առաջնայինը, ռազմավարականը, համապետականը չարչիականից, այսրոպեականից, նեղ քաղաքականից և նեղ թիմայինից։ Ինչն, իհարկե, չափազանց ցավալի է։ Եվ այնուհետ. արցախյան կարգավորման հարցում Փաշինյանն էական քայլ կատարեց դեպի հետ, գործնականում հրաժարվելով այն նվաճումներից, որ ունեինք 2016-ի ապրիլի մարտական գործողություններից հետո։

-Դուք նկատի ունեք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություննե՞րը։

-Այո։ Հայկական կողմը ոչ մի կերպ դրանք չի հիշատակում։ Պաշտոնական Երևանն այսօր մոռացության է տալիս հայկական դիվանագիտության այդ կարևոր նվաճումները, իսկ դա արդեն էական հետընթաց է բանակցային գործընթացում մեր դիրքերի առումով։ Քանզի վերը հիշատակված պայմանավորվածությունները կոչված էին փաստացիորեն լեգալացնել, լեգիտիմացնել Ադրբեջանի հետ Արցախի Հանրապետության պետական սահմանը։ Այսինքն միջազգային հանրությունը սքողված ձևով, բայց միանգամայն ակնհայտորեն ճանաչեց բաժանարար գծի ինչ-որ կարգավիճակ՝ Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Դա քայլ էր սահմանի միջազգային ճանաչման ճանապարհին և այն փաստի ընդունում, որ սահմանազատման գիծն ավելին է, քան պարզապես այդպիսին. դա որոշակի կարգավիճակ է։ Եվ դա նաև շատ կարևոր քայլ է՝ մերժելու համար չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքները, ընդ որում ընդգծելով նաև, որ իր ագրեսիվությամբ ու իր ձախողմամբ ադրբեջանական կողմն ինքը նպաստեց Արցախի Հանրապետության պետական սահմանի լեգիտիմացմանը։ Արցախի պաշտպանության բանակը պահպանեց այդ կարևորագույն նվաճումը՝ սահմանը, որը գծվել էր դեռևս Արցախի առաջին ազատամարտի արդյունքում։ Եվ ահա այդ սահմանը վերստին հաստատվեց Ադրբեջանի ագրեսիայի հետմղումով՝ 2016 թվականի ապրիլին. փաստ, որն իր արտացոլումը գտավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում։ Այսօր հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի վերոնշյալ պայմանավորվածությունները վերադարձվեն բանակցային գործընթացի օրակարգ, ինչը, ցավոք, ես չեմ տեսնում։

-Իսկ ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։

-Այն չափազանց տագնապահարույց է։ Անպատասխանատու պոպուլիզմ և քաղաքական մրցակիցների դիվականացում. ահա այն գործիքները, որոնցով վարչապետ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր իշխանությունը երկրում։ Դա առավելևս տարօրինակ է, եթե հաշվի առնենք, թե որքան մեծ ժողովրդականություն էր նա վայելում դեռ տակավին վերջերս։ Թվում է, ի՞նչ կարիք ուներ գնալ այդչափ կասկածելի ուղիով, երբ վայելում էր բնակչության էական աջակցությունը։ Մինչդեռ, ոչ այն է քաղաքական տհասության, ոչ այն է ինչ-որ այլ անհասկանալի, դժվար բացատրելի պատճառներով, Փաշինյանը հենվում է հենց պոպուլիզմի և քաղաքական մրցակիցների դիվականացման վրա։ Կասկածելի ուղի է, եթե հաշվի առնենք, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը վաղ թե ուշ հակառակ արդյունք են տալու։ Նման միջոցներով պարզապես անհնար է տևականորեն պահպանել իշխանությունը։ Հեղափոխական թմբիրն ինչ-որ ժամանակ կցրվի, դա տեղի է ունենում արդեն այսօր, պոպուլիզմն այլևս չի տալիս ցանկալի արդյունքը։ Մարդիկ սպասում են իրական նվաճումների, և վարչապետի անվերջանալի «լայվերը» դրանց չեն փոխարինի։

Մեր ներքին հասարակական-քաղաքական իրողություններում մեկ այլ, ծայրաստիճան մտահոգիչ ախտանշանը Փաշինյանի և իր թիմի կախվածությունն է վերպետական, վերազգային, սորոսական կառույցներից։ Այդ ակնբախ կախվածությունն արդեն կարծես թե անցել է բոլոր ընդունելի սահմանները, ստանալով պետանվտանգությանը սպառնացող չափեր։ Եվ հենց այդ կառույցների օգնությամբ ու թելադրանքով է Փաշինյանի կառավարությունը պարտադրում մեր հասարակական կյանքի կազմակերպման ծայրահեղ լիբերալ անընդունելի սցենարներ։

-Ընդ որում պարտադրում է բավական ագրեսիվորեն

-Այո, դա արվում է ամենաիսկական ագրեսիվ միջոցներով, ցինիկաբար և հասարակական կարծիքի նկատմամբ բացարձակ քամահրալից վերաբերմունքով։ Իշխանությունը չի ցանկանում լսել ու հասկանալ ժողովրդին, որն ընտրել է իրեն։ Իհարկե, հասարակությունը չի կարող չարձագանքել ծայրահեղ լիբերալ գաղափարների այդչափ ագրեսիվ պարտադրմանը, և մեծապես սրանով է բացատրվում Փաշինյանի հեղինակության սրընթաց անկումը, նրա նկատմամբ բնակչության վստահության կորուստը։ Ընդ որում վարկանիշի և վստահության նվազմանը զուգընթաց՝ Փաշինյանը դառնում է ավելի ու ավելի անկախատեսելի և պոռթկուն, դժվարությամբ է վերահսկում իրեն։ Եվ այդ միտումը շարունակվելու է. կորցնելով սոցիալական հենարանը, վարչապետը գնալով ավելի անկանխատեսելի կդառնա, իսկ եթե հաշվի առնենք, որ նա և իր թիմը փաստացի գտնվում են վերոնշյալ վերպետական, սորոսյան կառույցների ազդեցության տակ, ապա դա նշանակում է՝ փոխադրել երկիրը արտաքին կառավարման ռեժիմի, ինչը ծայրաստիճան վտանգավոր է մեր պետականության համար։

Ես մեծապես հուսով եմ, որ արդեն սկսված սթափեցումը կհանգեցնի հասարակության համախմբման, ինչը կստիպի Փաշինյանին հրաժարվել գերազատական կործանարար սցենարներից։ Այս համատեքստում կցանկանայի սատարել Դաշնակցության երիտասարդական թևի ակտիվիստների ակցիան. նրանք կեցցե՛ն, և նրանք միայնակ չեն իրենց պայքարում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ երիտասարդներին իրենց սկզբունքայնության համար, իսկ իշխանությանը հիշեցնել այն մասին, որ իր դրսևորած ագրեսիվ ցինիզմը (դրա վառ օրինակներից մեկը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի գործողություններն են) վերջին հաշվով ապալեգիտիմացնում է իշխանությանը, նրան դարձնում անկենսունակ, մոտեցնելով այն օրը, երբ կողքից կառավարվող խամաճիկների այդ կոհորտան կհեռանա քաղաքական ասպարեզից։ Ցանկացած քաղաքական ուժի համար ցինիզմը իշխանությունից զրկվելու ամենակարճ ճանապարհն է։ Իսկ Փաշինյանի իշխանությունն արդեն անթաքույց ցինիկ է դարձել։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ԽՐԱԽՈՒՍՈ՛ՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
      2020-03-27 17:12
      247

      Թորոսյանին պետք էր հեռացնել… Մինչև վերջերս գործադիր իշխանության համակարգում մի ամբողջ կառույց առավոտից երեկո զբաղված էր նրանով, որ հետևում էր ԶԼՄ-ների հրապարակումների համապատասխանությանը արտակարգ դրության պահանջներին։ Այդ խորապատկերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ հայտարարեց, որ չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, իսկ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը շարունակում է բոյկոտել իր ծառայողական պարտականությունները, խախտելով Սահմանադրությունն ու աշխատանքային օրենսդրությունը։

    • ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
      2020-03-26 16:55
      136

      Եհովայի վկաներ Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարելիցը, այդ կապակցությամբ «Գոլոս Արմենիի»-ն շարունակում է հատվածներ հրապարակել «ՀԿ-ները Հայաստանում. «ժողովրդավարության մրրկահավերը» և արտաքին կառավարման գործիքակազմը» զեկույցից։ Այս հրապարակումը նվիրված է ազդեցության բավական յուրօրինակ սուբյեկտի։ Խոսքը կրոնական աղանդների մասին է, որոնցից շատերը գործիք են արտաքին ուժերի ձեռքում։

    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻՐ ԳՈՐԾԵՐԻՆ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
      2020-03-24 20:48
      153

      «Մարտի 1»-ի գործով վերջին, չկայացած նիստը, ինչպես հայտնի է, հանգեցրեց տարբեր տեսակի հետևանքների։ Օրինակ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը միջնորդությամբ դիմեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Միհրան Պողոսյանին, Հայկ Ալումյանին և Հովհաննես Խուդոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, դատարանի հանդեպ դրսևորած վերաբերմունքի համար, որը Ռ. Վարդազարյանը գնահատում է որպես անհարգալից։

    • ՀԱՆՐԱՔՎԵ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ՄՈՌԱՆԱԼ
      2020-03-23 19:53
      158

      Քանի որ բնությունը մեզ այսպիսի կորոնավիրուսային դադար շնորհեց, և այդ դադարը ստիպում է համախմբվել, ավելի հոգատար լինել միմյանց նկատմամբ, ուրեմն ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ անդրադառնալ այն թեմաներին, որոնք երկփեղկել էին հասարակությանը, և տեսնել, թե չե՞նք կարող արդյոք գալ մի ինչ-որ կոնսենսուսի, որպեսզի չնպաստենք, որ վարակը նոր տարածքներ զավթի…