Последние новости

ՀՅԴ–ն ԲՀԿ–ն ու «Հայրենիքը» հիմա էլ դատախազություն են դիմում

ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Հայրենիքը» որոշել են դիմել Գլխավոր դատախազություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Հուլիսի 30-ին երեք կուսակցությունները միասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության մասին։ Խոսքը վերաբերում էր ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում պաշտոնանկ արվեցին ՍԴ երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից ու վերածվեց ՍԴ շարքային անդամ–դատավորի։

Դիմումում մատնանշվում էր Քրեական օրենսգրքի 3 հոդված` իշխանության յուրացում, Սահմանադրական կարգի տապալում և պաշտոնեական լիազորություններն անցնելը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՔԾ–ն մերժել է քրեական գործի հարուցումը և այդ մասին իրենց տեղեկացրել` ՀՔԾ ավագ քննիչի կայացրած որոշումն ուղարկելով։

«ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել բազմակողմանի և ամբողջական վերլուծություն, չի իրականացրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով աել է, որ քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին` ՀՔԾ ավագ քննիչն, ըստ էության, իր գործողություններով հաստատել է, որ Սահմանադրության փոփոխությունն առանց ՍԴ եզրակացության` օրինական է»,– ասաց Մինասյանը` հայտարարելով, որ ՀՔԾ քննիչի որոշման վերաբերյալ իրենք բողոք են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն։

Մինասյանը հույս հայտնեց, որ դատախազությունը կվերացնի ՀՔԾ քննիչի որոշումը, կհարուցի քրեական գործ ու կհետևի, որպեսզի իրականացվի պատշաճ քննություն։

Ի տարբերություն Մինասյանի` «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը, հակառակը` հույս չունի, թե դատախազությունը կբավարարի իրենց բողոքը։

«Եվ մենք չէինք էլ մտածում, թե ՀՔԾ–ն կհամարձակվի, կունենա այդքան «դուխ» և կհարուցի քրական գործ»,– ասաց նա։

Բաբայանը նաև նշեց, որ նման դեպքերում ՀՔԾ որոշումը բողոքարկելու երկու ճանապարհ կա` դատախազություն և դատարան։ Իրենք ընտրել են դատախզության տարբերակը, քանի որ որոշ դեպքերում դատարանը գտել է, որ նախ պետք է դիմել դատախազություն, հետո նոր դատարան։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ–ն ՍԴ–ի շուրջ ընթացող ամբողջ գործընթացը հակասահմանդրական է որակում և չի պատրաստվում մասնակցել ՍԴ դատավորների նոր թեկնածուների ընտրությանը` ԱԺ–ում։

«Մենք մեր մասնակցությամբ չենք ցանկանում օրինականացնել այս գործընթացը, որովհետև այս դեպքում ցանկացած տեսակի մասնակցություն` անկախ դատավորների մասնագիտական որակներից, անցած ճանապարհից, նշանակում է օրինականացնել այս հակաօրինական գործընթացը»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` սահմանադրական վերջին փոփոխություններից հետո Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման արդյունքում ՍԴ–ում այս պահին դատավորի երեք թափուր պաշտոն կա։

Թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ