Последние новости

Դանիելյան. Պայթյուններն իրականացվում են բաց եղանակով, ինչը շատ վտանգավոր է

Կարինե Դանիելյանի դիտարկմամբ` հանքարդյունաբերությունն ամենալուրջ բնապահպանական խնդիրներն է հարուցում Հայաստանում հատկապես մետաղային հանքերի գործունեության հետ կապված։ Ըստ նրա` այդ առումով շատ վատ վիճակ է Լոռիում, Սյունիքում, այնուհետև Գեղարքունիքի մարզում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամասարի բնակիչներն այսօր փակել էին Վարդենիս– Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Պատճառը Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջացած քիմիական տարրերով հարուստ փոշու ամպն է, որը հասել է շրջակա բնակավայրեր։

«Սոթքի գործունեությունը մեծ վտանգ է նաև Սևանի ավազանի համար։ Պայթյուններն ամենուրեք իրականացվում են բաց եղանակով, ինչը թեև հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր է։ Մյուս կողմից էլ փակ պայթյունները վտանգ են պարունակում սեյսմիկ առումով։ Բաց եղանակի պարագայում ամբողջ շրջակա միջավայրը ծանր մետաղներով կամ դրանցից արտազատված փոշիով խիստ աղտոտվում է»,– Sputnik Արմենիային ասաց բնապահպանը։

Դանիելյանը ուշադրություն հրավիրեց, օրինակ, Լոռու մարզում առկա իրավիճակի վրա, որտեղ առողջապահական տվյալներն, ըստ նրա, խոսում են այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ու հետևանքներ կարող են ունենալ ծանր մետաղներով պայմանավորված թունավորումները մասնավորապես Ախթալայում և Ալավերդիում, իսկ Սոթքի հանքի երկարամյա գործունեության հետևանքով Մասրիկ համայնքը լրիվ աղտոտված է ծանր մետաղներով ու այլ էլեմենտներով, որոնք գալիս են նաև Սևանի ավազան։

Բնապահպանի խոսքով` հանքարդյունաբերության աշխատանքներով պայմանավորված հիվանդությունները տարբեր են` շնչառականից մինչ անոմալ ծնունդներ։

«Մենք միշտ խոսում ենք, որ տնտեսության ուղղությունները պետք է փոխվեն։ Մի կողմից ուզում ենք զարգացնել հանքարդյունաբերություն այս փոքր տարածքում, մյուս կողմից` ունենալ մաքուր գյուղատնտեսություն, սակայն դրանք անհամատեղելի են։ Նման բան իրեն կարող է թույլ տալ օրինակ հսկա Ռուսաստանը, բայց սահմանափակ ռեսուրսներով Հայաստանում, այն էլ այս ձևերով զուգակցումն անհնար է»,– նշեց բնապահպանության նախկին նախարարը։

Դանիելյանը կարծում է, որ վերահսկողությունը հնարավորին չափ պետք է ուժեղացվի և համապատասխանի չափորոշիչներին, սակայն նախարարության ու նրա կազմում գործող տեսչական մարմնի հնարավորություններն այդ առումով շատ փոքր են։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ