Последние новости

Գագիկ և Կարեն Խաչատրյաններին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այդ մասով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Իսկ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Գագիկ Խաչատրյանի որդիների և գործով անցնող այլ անձանց մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ