Последние новости

ԱՆ-ն պարզաբանել է իրավիճակը Թորոսյանի հրաժարականի շուրջ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է իրավիճակը նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ։

«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է», – նշել է նա Facebook–յան իր էջում:

Նիկողոսյանը հայտնել է, որ նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից:

«Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում: Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,– նշել է Նիկողոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին ստորագրել է որոշում, որի համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ։

Հայկական սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է քննարկվում է Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Փակվել է ոչ միայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-յան պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մուտք գործելու ժամանակ, նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է, սեփականատերը ջնջել է բովանդակությունը կամ սահմանափակվել մուտքը: Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին եզրակացություններ անել՝ ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարվելու առաջին ազդանշանն է: Երկար ժամանակ է ինչ շրջանառվում են լուրերն այն մասին, թե նա կթողնի իր պաշտոնը, ինչպես կառավարության կորոնավիրուսի դեմ վարած քաղաքականության, որը, ըստ որոշ սոցցանցերի օգտատերերի, ձախողվել է, այնպես էլ ոլորտում բարձր մակարդակի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ նէլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թորոսյանի դեմ հարուցված վարույթն է, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ