Последние новости

Ադրբեջանի ժողովրդական գրող. ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԵԼԱՑԻ ԵՎ ԲԱՆԻՄԱՑ ՀԱՅԵՐ ԵՆ

Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը վրդովված է իր հայրենակիցների մի մեծ մասի տգիտությունից:

«Այսօր հարցազրույց էին հեռարձակում Լուկաշենկոյի հետ: Ամենուր նշվում է, որ նրանք Ռուսաստանի առաջատար լրագրողներն են: Չորսից երկուսը՝ Սիմոնյանն ու Բաբայանը, գլխավոր խմբագիրներ են: Ռուսական ալիքներով ելույթ են ունենում Կուրգինյանը, Սարկիսովը, Շախնազարովը, Պողոսյանը, Քեոսայանը, երկար կարելի է թվարկել: Չհամարձակվեք ինձ պատմել նրանց լոբբի մասին: Նրանք խելացի, բանիմաց և տաղանդավոր մարդիկ են, որոնք լավ են տիրապետում ռուսերենին: Մենք ունենք հակառակ օրինակները: Համեմատեք Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Մեկնաբանություննե՞ր են անհրաժեշտ:

Խոսենք մեր հայրենական ազգայնականների մասին: «Փակենք ռուսական դպրոցները»՝ որերորդ անգամ լսում ենք նրանց ցասումնալից ծղրտոցը: Հանգստացեք։ Մենք առանց այդ էլ ոչ մեկը չունենք արտասահմանյան ալիքներում, իսկ ովքեր կան, սարսափելի վատ են տիրապետում ռուսերենին: Անգլալեզու ալիքների մասին էլ չեմ կարող լավ բան ասել: Թեև անգլերենին տիրապետողների թիվն աճում է։ Հարգելի տեղական տգետներ: Ձեր մայրենի լեզուն իմանալը ապրիորի անհրաժեշտություն է և նույնիսկ չի կարող քննարկվել: Բայց այնպիսի փոքր երկրին, ինչպիսին մերն է, պետք են հազարավոր մարդիկ, ովքեր առնվազն գերազանց տիրապետում են ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին:

Մեզ պետք են ոչ միայն լրագրողներ, ովքեր տիրապետում են լեզուների: Մեզ պետք են սպաներ, որոնք տիրապետում են արտասահմանյան տեխնիկային, արվեստի և գիտության գործիչներ, ովքեր կներկայացնեն իրենց մշակույթն ու գիտությունը աշխարհում, և վերջապես՝ քաղաքական գործիչներ: Մենք մեր լոբբին չունենք ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը խանգարում է մեզ: Մեր անմտությունը, հետամնացությունը, թերարժեքությունը, նախանձը, մարտնչող տգիտությունը՝ ահա հիմնական թշնամիները: Եվ Ղարաբաղի հարցում, և միջազգային հարցերում, և արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Ինչպես ասաց տեղական «գործիչներից» մեկը, «մենք երազում էինք ազատվել ռուսաց լեզվից: Ինչպես մենք հիմա ազատվենք անգլերենից»: Երազելը, իհարկե, վնասակար չէ: Իսկ գուցե, ընդհակառակը, ավելացնենք տարբեր լեզուներով դպրոցների քանակը և մեր բոլոր երեխաներին պարտադիր երկրորդ և երրորդ լեզուները սովորեցնենք: Գուցե այդ ժամանակ միանգամից երկու ադրբեջանցի հայտնվեն հեռուստաէկրաններին, և մենք չհիշենք ուրիշի լոբբիի մասին: Թեև, իսկապես, երազելը վնասակար չէ...»,- հայտարարել է գրողը, տեղեկացնում է haqqin.az-ը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ