Последние новости

«Ժողովուրդ». ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԿՐՔԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, որի տվյալներով երեկ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել:

Սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերն այդպես էլ չեն հանդարտվում, մասնավորապես, հարցը վերաբերում է ՍԴ անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, որին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

«Նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, և խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։ Չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլի» համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, և երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան։ Չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, և նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում»,- գրում է թերթը:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Թերթի տեղեկություններով՝ այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը::

Հիշեցնենք` հունիսի վերջին ԱԺ-ն Սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն` Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Բացի այդ, դադարեցվեցին երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի (որոնց պաշտոնավարման ժամկետը գերազանցում էր 12 տարին) լիազորությունները։

Սահմանադրության համաձայն` նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, ևս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ կազմն ամբողջությամբ պետք է ձևավորվի երկու ամսվա ընթացքում։

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ