Последние новости

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը, հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից։

«600 հատոր կազմող գործից, անջատված մասով, փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր:

Դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։

Ըստ Խուդոյանի՝ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ Քոչարյանի դեմ, ինչը քննիչը չի էլ թաքցրել։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։ Օրինակ, գործում կան ապացույցներ և փաստական տվյալներ, որ 2008 թ մարտի 1-2-ին կազմակերպված հանրահավաքները խաղաղ չեն եղել։ Չտրամադրված նյութերի մեջ կան նաև կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ, որոնք և պատճառ են դարձել, որ Ռ Քոչարյանը 2008 թ փետրվարի 23-ին խորհրդակցություն հրավիրի։ Պաշտպաններին տրամադրված գործերի մեջ առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։

Պաշտպան Խուդոյանի խոսքով՝ առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Հ Խուդոյանը դատարանին ներկայացրեց մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից, ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։ Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացան Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։

Մեղադրող կողմն իր կարծիքը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին»,-նշված է խմբի տարածած հաղորդագրությունում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ