Последние новости

«Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

«Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։

Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել բացահայտ ծաղրի, սպառնալիքի և պատերազմի հռետորաբանությամբ, իսկ դաշնակից երկրների հետ հարաբերությունները իջել են նվազագույն մակարդակի։

Պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները՝ սոցիալ տնտեսական ծանրագույն վիճակը, ներհասարակական թշնամանքն ու անհանդուրժողականությունը, պետական ինստիտուտների նսեմացումը և դրանց հանդեպ արհամարհանքը դարձել են ներպետական սպառնալիքներ։

Այս խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու, կառուցողական քննադատությանը բացառապես անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

Սեպտեմբերի 25-ին հապշտապ անցկացված դատաքննությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է, որի միջոցով փորձ է կատարվում`

1 խաթարել սթ հոկտեմբերի 8-ին Եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը,

2 շեղել հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի ամբողջական տապալումից, որի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1200 մահ,

3 կանխել արցախյան բանակցային գործընթացում թույլ տված ամոթալի սխալների հետևանքով հասունացող ներիշխանական ճգնաժամը,

4 խուսափել թշնամի երկրի ղեկավարության հետ խայտառակ գաղտնի համաձայնությունների բացահայտման սկանդալից,

5 հասարակական տրամադրությունները ուղղորդել այլ ուղղությամբ՝ փորձելով հետաձգել իշխող վարչակարգի անփառունակ հեռացումը։

Բացարձակ անթույլատրելի և դատապարտելի համարելով իշխանությունների այս արատավոր գործելաոճը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:

Հապաղումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր պետության և ժողովրդի համար։

Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի», տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ