Последние новости

«Լրագրողներ առանց սահմանների»-ն կոչ է անում հետաքննել Արցախում լրագրողներին վիրավորած գնդակոծության միջադեպը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում լույս սփռել հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գնդակոծության վրա, որի արդյունքում վիրավորվել էր չորս լրագրող:

Կազմակերպությունը նաև կոչ է անում վիրավորների անվտանգ տարհանում ապահովել:

Նշենք, որ լրագրողները լուսաբանում էին Մարտունի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում դաժան բախումների հինգերորդ օրը:

Կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցը և նրան ուղեկցող լուսանկարիչը ստիպված էին հոսպիտալացվել` ստացված վնասվածքների պատճառով շտապ օգնության ստանալու համար: Վիրավորվել էր նաև հայ հեռուստաօպերատոր Արամ Գրիգորյանը և 24news.am հայկական լրատվական գործակալության թղթակից Սևակ Վարդումյանը:

Մի քանի այլ լրագրող, այդ թվում` Agence France-Presse-ի թիմը և Ռուսաստանի անկախ «Դոժձ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալը, հազիվ են փրկվել գնդակոծությունից:

«Այս հրետակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք և, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն»,- ասել է Ժաննա Կավելյեն` RSF-ի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար:

«Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել` գնդակոծման աղբյուրը պարզելու և անհրաժեշտ ամեն ինչ անելու համար, որպեսզի տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն»,- հավելել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ բժշկական ինքնաթիռ է ուղարկում վիրավոր ֆրանսիացի լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ