Последние новости

Փաշինյան․ Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր գոյութենական վտանգի ներքո է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

«Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և այսօր էլ այդպես է:

«Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ նշելով, որ չկա որևէ բան, որ խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան:

«Չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր, ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան, չկա այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է, որ խնդիրը նրանում է նաև, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ