Последние новости

Գերմանիայի ԱԳՆ․ Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, որ դիտարկվում է որպես խնդրի լուծման ձևաչափ

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա, եթե վերջինս շարունակի հրաժարվել բանակցություններին վերադառնալուց։ Այս մասին նա ասել է Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով իշխող կուսակցության պատգամավորի այն հարցին, թե որն է Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հարցում։

«Հայաստանը բանակցելու իր պատրաստակամությունն է հայտնել։ Ես նորից խոսելու եմ Ադրբեջանի հետ։ Եթե իրավիճակը շարունակվի այնպես մնալ, որ մի կողմը սկզբունքորեն իր պատրաստակամությունն է հայտնում բանակցություններին, իսկ մյուսը հրաժարվում է դրանցից, ապա Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա։ Մենք միաժամանակ շփումների մեջ ենք այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են հակամարտությանը, կամ այդ երկրների հարևանությամբ են գտնվում՝ Ռուսաստանից սկսած մինչև Թուրքիա։ Այս պահին մենք, սակայն, սպասում ենք Ադրբեջանից, որ պատրաստակամություն կհայտնի վերադառնալ բանակցություններին»։

Անդրադառնալով հարցին, թե Գերմանիայի կառավարությունը դիտարկում է արդյոք ՄԱԿ խաղաղապահ զորքեր տեղակայելու տարբերակը, Հայկո Մաասը, մասնավորապես, ասել է. «Դրա համար պետք է կողմերի համաձայնությունը, ինչը մինչև այս պահը չի եղել։ Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ամեն օր մարդիկ են զոհվում, մեր հրատապ խնդիրն է մահերին վերջ դնել։ Էսկալացիան միգուցե հնարավորություն է տալիս նոր ճանապարհներ գտնել հակամարտության լուծման համար, որոնք մինչև հիմա չեն քննարկվել։ Ես ընդհանուր առմամբ դա չեմ կարող բացառել, սակայն չեմ տեսնում տեսանելի ապագայում նման հեռանկար։ Այս պահին կարևորը լարվածության թուլացումն է»։

Բունդեսթագում Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելեմը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող է Թուրքիան, որի նախագահը Ղարաբաղում պատերազմը շարունակելու անմիջական կոչեր է հնչեցնում, շարունակել մնալ այդ հակամարտության լուծման գործիք համարվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Այդ կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, որ դիտարկվում է որպես խնդրի լուծման ձևաչափ։

«Թուրքիան ինքը հայտարարում է, որ Մինսկի խումբը հակամարտության լուծման համար հաջողված ձևաչափ չէ։ Այդ մասին անձամբ ինձ ասել է իմ թուրք գործընկերը հեռախոսազրույցի ժամանակ։ Ուստի պետք է քննարկել, թե որ կողմերն են ներգրավված լինելու բանակցությունների մեջ, և արդյոք հակամարտության կողմերին կարող ենք բերել բանակացությունների սեղանի շուրջ։ Այս պահին Մինսկի խմբի ձևաչափը չէ, որ քննարկվում է որպես բանակցությունների ձևաչափ։ Ավելի շատ մտածում ենք այն երկրների մասին, որոնք մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմ հանդիսացող երկրներում»,- ասել է Մաասը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ