Последние новости

Նահատակվել է հայտնի լուսանկարի հերոսը՝ Ալբերտ Հովհաննիսյանը

Թշամու դեմ մղված պատերազմում նահատակվել է հայտնի լուսանկարի հերոսը՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:

Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված:

Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...

Փա՛ռք մեր հերոսներին»,- գրել է Արտակ Հովհաննիսյանը։

Ալբերտի լուսանկարի հեղինակը Զինուժ մեդիայի ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանն էր։ Այն հրապարակվել էր սեպտեմբերի 29-ին և մեծ տարածում գտել սոցիալական ցանցերում՝ ասոցացվելով պայքարի և հաղթանակի հետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ