Последние новости

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կոչ է արել դադարեցնել կասետային ռումբերի կիրառումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց:

«Ես հակամարտության կողմերին հիշեցնում եմ այն մասին, որ նրանք պետք է հավատարիմ մնան քաղաքացիական անձանց պաշտպանության և քաղաքացիական ենթակառուցվածքների միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորություններին, - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքէջում տարածած հաղորդագրության մեջ նշել է Միշել Բաչելետը:

Բաչելետը ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանեն համաչափության սկզբունքը մարտական գործողություններ իրականացնելիս և խուսափեն բնակավայրերում զենքերի կիրառումից, որոնք ունի լայն խոցման հնարավորություն:

Նա խորը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

«Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել է նա ՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի մասին կոնվենցիան:

Նրա խոսքով ՝ տագնապ է առաջացնում նաև այն փաստը, որ մարտական գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

Նա նախազգուշացրել է, որ շարունակվող բռնության պայմաններում կարող է դժվարանալ բնակիչներին բժշկական օգնության հասանելիության ապահովումը:

«Անհրաժեշտ է ապահովել առողջության պահպանման հասանելիությունը, ներառյալ հակամարտությունից տուժածների հոգեբանական աջակցությունը», - ամփոփել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ