Последние новости

Կոսաչով. «Փակ շրջանը կոտրվել է, Ղարաբաղում խաղաղության շանս կա»

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով այս գիշեր Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, Facebook-ում գրել է, որ Ղարաբաղում եթե ոչ խաղաղության, ապա գոնե հրադադարի շանս կա, փոխադարձ բռնության փակ շրջանը կոտրված է։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

«Տեղի է ունեցել գլխավորը` կոտրված է փոխադարձ բռնության փակ շրջանը։ Եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի շանս կա։ Ավելի լավ է այս կերպ, քան ոչ մի կերպ։ Սադրիչները, եթե նրանք նորից հայտնվեն, վերջնական արդյունքում կրակելու են գերիների և զոհվածների վրա։ Եվ նրանք պետք է իմանան դա։ Այդ պատճառով սադրիչներ չպետք է լինեն։ Ոչ մի կողմից»,-գրել է Կոսաչովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին արտահայտել է իր քաղաքական կամքը, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն իրագործել է։ Սենատորը նաև Բաքվին և Երևանին շնորհակալություն է հայտնել մոսկովյան հանդիպման համար։

«Հիմա գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, հակամարտության կողմերի վրա է։ Առջևում շատ բարդություններ կան՝ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները, կազմակերպել զոհվածների մարմինների ու գերիների փոխանակումը, նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց այն, որ տասը ժամ շարունակ բարդագույն խորհրդակցություններից հետո հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, գովեստից վեր է»,-ավելացրել է Կոսաչովը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ