Последние новости

Human Rights Watch. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ է կիրառել

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կասետային սպառազինություն է կիրառել քաղաքացիական բնակչության բնակության վայրերում։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch կազմակերպությունը։ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերին կազմակերպության կատարած հետաքննության արդյունքներով՝ արձանագրվել է կասետային զինատեսակների կիրառման 4 դեպք, որի վերաբերյալ կազմակերպությունը համապատասխան զեկույց է հրապարակել։

«Կասետային զինատեսակների կիրառումը, հատկապես խիտ բնակեցված շրջաններում, վկայում է խաղաղ բնակչության անվտանգության նկատմամբ կոպտագույն անտարբերության մասին։ Կասետային զինատեսակները չպետք է կիրառվեն ոչ ոքի կողմից և ոչ մի պարագայում, առավել ևս՝ քաղաքներում»,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի ղեկավար Ստեֆան Գոսը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հետաքննել է, թե արդյոք կողմերը պահպանո՞ւմ են միջազգային մարդասիրական իրավունքը, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել ռազմական և քաղաքացիական թիրախները։ Այս օբյեկտները չտարբերակող հարվածները՝ որպես այդպիսին, արգելված են։ Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով հնարավորություն տալ նաև մյուս կողմում հետաքննություն իրականացնել, սակայն մինչ այժմ նման թույլտվություն չի ստացվել»,- ասված է զեկույցում։

Human Rights Watch-ն ուսումնասիրել է պայթած հրթիռների մնացորդները, ինչպես նաև Ստեփանակերտի տարբեր վայրերում ընկած ու չպայթած են հրթիռները։ Human Rights Watch-ի ձեռքում են հայտնվել նաև Հադրութ քաղաքում ընկած հրթիռների լուսանկարները, որոնք կազմակերպությունն ուսումնասիրել է։ Կազմակերպությունը նշում է, որ թեպետ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է կասետային սպառազինություններ կիրառելու մեջ, սակայն Human Rights Watch-ը այդ պնդումների իսկությունն ապացուցող անկախ հետազոտության տվյալներ չունի։

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին պատմել են, որ կասետային զինատեսակներով հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից մոտ 200 մետր հեռավորության վրա։

69-ամյա մի կին, որը հարձակման պահին եղել է Human Rights Watch-ի ուսումնասիրած վայրում հայտնաբերած M095 սպառազինություններին բնորոշ հարվածներից վնասված տեղանքից քիչ հեռու գտնվող իր բնակարանում, պատմել է, որ ժամը 7։15-ի սահմաններում շենքը սկսել է ցնցվել։ «Երեխաները սկսեցին ճչալ, բոլորը խուճապի մեջ էին, երբ ռումբերը սկսեցին ընկնել։ Մենք բացեցինք պատուհանն ու տեսանք, որ մեքենաները վառվում են։ Տեսանք, որ դրանք փոքր վարդագույն ինչ-որ բաներ ունեն իրենց վրա, որոնք բռնկվում և վառվում են։ Ուստի արագ իջանք նկուղ»,- Human Rights Watch-ի զեկույցում մեջբերում է արված արցախցի կնոջ խոսքից։

Մեկ այլ բնակիչ Human Rights Watch-ին պատմել է, որ կան չպայթած հրթիռներ, և շրջակայքի բնակիչները դրանք ծածկել են ավազով, մինչև հետագայում դրանց տեղափոխելը։

Հոկտեմբերի 12-ին Human Rights Watch-ն այցելել է այդ վայրը և բացի կասետային զինատեսակներին բնորոշ վնասներից արձանագրել է նաւ այրված մեքենաներ ու շենքերի կոտրված պատուհաններ։ Ամեն դեպքում, կազմակերպությունը նշում է, որ կասետային զինատեսակների հասցրած հստակ վնասի չափն անհնար է եղել պարզել, քանի որ նույն այդ վայրում մեկ այլ սպառազինությունից հասցված այլ ավերածություններ էլ են եղել։

Ամփոփելով զեկույցը՝ Human Rights Watch-ը նշում է, որ մոտավորապես այդ նույն վայրում առնվազն մեկ LAR-160 տեսակի կասետային հրթիռ է ընկել։ Կազմակերպությունն ուսումնասիրել է այդ հրթիռի մնացորդները և արձանագրել է նաև M095 սպառազինությանը բնորոշ վնասներ։ Հայտնաբերվել են նաև ռումբերի վրա ամրացված վարդագույն ժապավենները։

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, Aravot.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ