Последние новости

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։ Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից` ստեղծված իրավիճակը Մակրոնի հետ քննարկելու համար:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում ելույթ էր ունեցել անջատողականության դեմ պայքարի թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ