Последние новости

Պարգև սրբազանը դիմել է Մակրոնին, Թրամփին ու Պուտինին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` Արցախի Հանրապետությունում պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։

Նա նշում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է` դաժան պատերազմ է գնում Արցախում, Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: 100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ և ինչպես 1988-1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ»,–ասում է Պարգև արքեպիսկոպոսը:

Նրա խոսքով`Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանյան կայսրություն ստեղծել Թուրքիայից մինչև Չինաստան: Եվ այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի Հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը և մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

«Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը. երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ` ինչպես 1990-ականներին, 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց երկու անգամ դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում»,–ասել է նա:

Արցախի թեմի առաջնորդի խոսքով`խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ թե շուտ, ավարտվում են:

«Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ մի օպտիմալ լուծում գտնել: Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»,- ասել է Պարգև սրբազանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ