Последние новости

Վրաստանի խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից

Վրաստանում խորհրդարանը բոյկոտելու իր որոշման մասին այսօր պաշտոնապես հայտարարել է ընդդիմադիր ամենամեծ միությունը՝ «Միացյալ ազգային շարժում- Ուժը միասնության մեջ է» դաշինքը:

Դաշինքը հրաժարվում է պատգամավորական 35 մանդատից և չի մասնակցելու 11 մեծամասնական ընտրատարածքների ընտրություններում երկրորդ փուլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Հոկտեմբերի 31-ին երկրում ընտրություններ տեղի չունեցան: Ընտրությունների ամենափոքր նշանն էլ չկար: Իհարկե, մենք՝ «Միացյալ ազգային շարժում- Ուժը միասնության մեջ է»-ն, որոշում կայացրեցինք, որ չենք մտնի այնտեղ, որտեղ քաղաքականության հետ ընդհանուր ոչինչ չկա, այսինքն՝ խորհրդարան, որը միայն Բիձինա Իվանիշվիլին է անվանում խորհրդարան: Մենք այնտեղ անելիք չունենք, և մեր պահանջը մնում է անփոփոխ՝ նոր ընտրություններ ազատության մթնոլորտում: Մենք վստահ ենք, որ այս ամենին կհսնենք մոտ ապագայում»,- ասել է կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան:

Նույնպիսի հայտարարություն է արել «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության շտաբը, որը, ԿԸՀ պաշտոնական հաշվարկների համաձայն, նոր խորհրդարանում ստացել է 4 պատգամավորական մանդատ: Կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեի խոսքով՝ «Աղմաշենեբելիի ռազմավարությունը» նույնպես ակտիվ մասնակցություն կունենա հանրահավաքների կազմակերպմանը:

Այսպիսով, խորհրդարանի աշխատանքներին իրենց մասնակցությունից հրաժարվելու մասին արդեն հայտարարել են նոր խորհրդարանում մանդատ ստացած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ ՄԱԿ, «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Գիրչի», «Լեյբորիստներ», «Քաղաքացիներ» և նույնիսկ «Հայրենասերների դաշինք»-ը, որը իշխող կուսակցության արբանյակ է համարվում:

Թբիլիսիում ընդդիմությունը սկսեց բողոքել այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հայտարարեց 2020-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների մասին: Արդեն ամբողջ երկրում հաշվարկվել է ձայների 100%-ը, ընդհանուր առմամբ խորհրդարան է անցել ինը կուսակցություն, մանդատները հետևյալ կերպ են բաշխվել.

«Վրացական երազանք» - 48,15%

«Միացյալ ազգային շարժում- Ուժը միասնության մեջ է» - 27,14%

«Եվրոպական Վրաստան» - 3,78%

«Լելո» – 3,15%

«Աղմաշենեբելիի ռազմավարություն» - 3,15%

«Հայրենասերների դաշինք» - 3,14%

«Գիրչի» - 2,86%

«Քաղաքացիներ» - 1,33%

«Լեյբորիստական կուսակցություն» - 1%

Երկրորդ փուլը պետք է տեղի ունենա 30 մեծամասնական ընտրատարածքներից 16-ում:

Միջազգային դիտորդները հաղորդում են ընտրական գործընթացներում ընտրակաշառքի, ահաբեկման և բռնության դեպքերի մասին: Միևնույն ժամանակ, նախնական գնահատականներում նշվում է, որ ընտրությունների արդյունքները օրինական են, ընտրություններն անցկացվել են մրցակցային միջավայրում և հիմնարար ազատությունները քիչ թե շատ պահպանվել են, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ