Последние новости

Ինչ մեխանիզմով են ահաբեկչական խմբերը հասնում Արցախ

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին հայտնել է, որ իրենց հրաման է եղել հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել դրանք, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հրապարակել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված սիրիացի ահաբեկիչ 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին առաջադրված մեղադրանքից։

Ըստ մեղադրանքի` նյութական հատուցում ստանալու դիմաց վերջինը հավաքագրվել է Սիրիայում և Թուրքիայի տարածքով տեղափոխվել Ադրբեջան` այդ երկրի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ նախապատրաստված հանցագործությանը մասնակցելու համար։

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև վարձկան գրոհայինների հավաքագրման մեխանիզմը։ Տվյալ դեպքում դա իրականացվել է Սիրիայում «Աբու Հուսեյն 23» անունով անձի միջոցով՝ նյութական հատուցում (2000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա) ստանալու դիմաց:

Վարձկանները կենտրոնացվում են կոնկրետ ճամբարներում, տվյալ դեպքում՝ Քիլիս քաղաքի հարակից տարածքում, որտեղ հավաքագրվածներից կատարվում է ռազմական գործողությունների կատարմանն ունակ անձանց ընտրությունը:

Գերեվարված ահաբեկիչը ներառվել է «Ալ Ամշաթ» խմբավորման մեջ, որի ղեկավար Աբու Համշայի համակարգմամբ ընտրված անձինք` խմբերով, առանց անձը հաստատող փաստաթղթերի, Թուրքիայի սահմանապահ ուժերի գիտությամբ և թույլտվությամբ, տեղափոխվել են Թուրքիայի տարածք, Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններ, որտեղ ոստիկանների թույլտվությամբ առանց որևէ խոչընդոտի հատել են հսկվող անցակետերը, նստել քաղաքացիական ինքնաթիռներ և Թուրքիայի զինված ուժերի զինվորականների ուղեկցությամբ քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել Ադրբեջան:

Ադրբեջանում ևս զինված ուժերի ուղեկցությամբ, առանց անձնագրերը ստուգելու, օդանավակայանից տեղափոխվել են Ադրբեջանի՝ հատուկ նման խմբավորումների տեղակայման համար նախատեսված ռազմական օբյեկտներ։

Այստեղ նրանց տվել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենքեր։ Այսինքն` ահաբեկչական խմբավորումների անդամներին, վարձկաններին դարձրել են Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչներ՝ նրանցից ձևավորելով ստորաբաժանումներ:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի դեպքում այդ ստորաբաժանումը կազմված է եղել 250 հոգուց, ղեկավարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման ղեկավար կամ անդամ Աբու Համշան: Նրանք տեղակայվել են առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման 18 անդամներ:

Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան 250 անդամներից կազմված «Սուլթան Մուրադ» խմբավորումն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների ուղեկցությամբ հարձակում եմ գործել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ:

«Ահաբեկչական խմբավորման անդամներից, վարձկաններից ձևավորված և Ադրբեջանական բանակի մաս դարձված այդ ստորաբաժանումները ըստ ստացած հանձնարարության ուղղակիորեն ներգրավվում են Արցախի հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեջ»,– եզրահանգում է անում ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ընդ որում, այսօրինակ խմբավորումներին հրաման է տրվում ոչ միայն մասնակցելու Արցախի պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին, այլև իրականացնելու ահաբեկչական բնույթի, մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ:

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին իր ցուցմունքում հայտնել է, որ իրենց տրված է եղել հրաման հարձակվել Արցախի կոնկրետ հայկական գյուղի վրա, գրավել այն, սպանել գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ և ապակայունացնել տարածաշրջանը:

Այս հրամանն իրականացնել տվյալ դեպքում չի հաջողվել միայն այն պատճառով, որ խմբավորումը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի դիմադրությանը և ստիպված եղել նահանջել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ