Последние новости

Կաթողիկոսը իշխանություններին կոչ է անում անհապաղ բացատրություններ ներկայացնել

Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ժողովրդին, որում նաև կոչ է արել Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնել ժողովրդին՝ մեկնաբանելով կայացված որոշումներն ու մեր երկրի համար ապագայում դրանց ազդեցությունը։

«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ»,- նշված է ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում։

Վեհափառը հորդորւմ է հանդարտություն պահպանել և չտրվել փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Կաթողիկոսն ընդգծում է՝ առկա ճգնաժամը պետք է կարգավորվի Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։

Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտում է՝ հիմա առավել, քան երբևէ թիկունքը պետք է ամուր հաստատուն մնա, մենք չպետք է վտանգենք առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Լուծումներն ու ելքերը պետք է գտնել միասնաբար հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։

«Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։ Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»,- եզրափակել է վեհափառը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ