150 փաստաբաններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը, կից հրապարակելով փաստաբանների հայտարարությունը։

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթինգով սպառնալու, դատավորների ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով»,–նշված է հայտարարության մեջ։

Նշվում է , որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու միջոցով՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը և հանրաքվեն։

Ըստ հայտարարության`Նիկոլ Փաշինյանը չի կանխել փաստաբանների և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ուղղորդված ճնշումները։ Վարչապետի թիմը մերժել է փաստաբանի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրինագծերը Ազգային ժողով ներկայացնելու` Փաստաբանների պալատի նախաձեռնությունները (դատական տուգանքի վերացում, փաստաբանին վիրավորելու համար պատասխանատվություն, կալանավորված փաստաբանի հետ փաստաբանների պալատի ներկայացուցչի հանդիպման հնարավորություն և այլն)։

Նշվում է, որ Փաշինյանի թիմն անհարկի երկարաձգել է արտակարգ և ռազմական դրությունները, դրանով իսկ խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման, հավաքների կազմակերպման և մասնակցության, խոսքի ազատության և այլ իրավունքները։

Ըստ փաստաբանների`Փաշինյանի թիմը կրթության և գիտության ոլորտներում իրականացրել է Հայաստանի ազգային շահերից չբխող քաղաքականություն։

Նշվում է, որ վարչապետը ձախողել է Հայաստանի Արցախի սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը փոխանցվել են Ադրբեջանին, Հայաստանը և Արցախը կրել են մարդկային մեծ կորուստներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

Փաշինյանը գաղտնիության պայմաններում ստորագրել է Արցախի և Հայաստանի շահերին վերաբերող նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ի հակասումն իր իսկ խոստումների, որ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվելու։

Ըստ հայտարարության` Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելուց հետո չի կարողանում (ի զորու չէ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում՝ չի կարողանում լուծել ռազմագերիների, անհայտ կորածների, ինչպես նաև Հայաստանի սահմանները պահպանելու հարցերը:

«Վերոնշյալ և բազմաթիվ այլ սխալների հետևանքով վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավական անվտանգությունը: Հայտարարությունը բաց է փաստաբանների միանալու համար»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: