Ադամ Շիֆը պահանջում է վերադարձնել հայ գերիներին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ գրեթե երեք ամիս է անցել եռակողմ հայտարարության ստորագրումից, որը վերջ դրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին, բայց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։
«Ադրբեջանը նախկինի պես հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին, ինչպես նաև գերի ընկած խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանը շարունակում է նաև սպառնալ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններին»,– Facebook–ի իր էջում գրել է Շիֆը։
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով ՝ ԱՄՆ–ն պետք է վերականգնի Մինսկի խմբի հետ աշխատանքը, որպեսզի Արցախի ժողովրդի համար ինքնորոշում և խաղաղություն պահանջի, և առաջնահերթություն պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձը:
«ԱՄՆ Կոնգրեսում ես իմ գործընկերների հետ աշխատելու եմ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ Արցախի վրա անօրինական հարձակման համար։ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի ՝ պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,–նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։