«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան և հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։

Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով առաջարկվում էր ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետերին և գյուղապետերին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ։

Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։ Ժամանակավոր համայնքապետերի ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ համայնքապետերի ընտրությունների ժամանակ կարող են անցանկալի անձինք գալ այդ պաշտոններին։

Իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր համայնքապետերի ՀՀԿ-ացման համար, հասկանում է, որ առանց ՏԻՄ-երն իրենով անելու հնարավոր չէ հաղթել ընտրություններում»։

Aysor.am