Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱ, ՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ ռազմական գծոց խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մտահոգություններին և պահանջներին արձագանքել են մեծ թվով գործող և պահեստազորում գտնվող զինվորականներ, գեներալներ։ Սա առաջին հերթին խոսում է իրադրության ծայրահեղ ծանր վիճակի մասին։

Որոշակի առանձնահատկություններով պայմանավորված, այս պահին նպատակահարմար չեմ համարում, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ևս իր դիրքորոշումը հանրայնացնի։ Նման պահանջ դնելը, շեշտում եմ՝ այս պահին, ճիշտ չեմ համարում։ Չնայած ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի։

Ոչ թե նրա համար, որ դա կարող է կտրուկ իրավիճակ փոխել, այլ որ նրանց կարծիքի արտահայտում կամ չարտահայտումը (շրջանցումը), կարող է նոր հարցադրումներ առաջ բերել։

Ջալալ Հարությունյանի դեպքում՝ պատերազմական գործողությունների համատեքստում, իսկ Արտակ Դավթյանի՝ 2018-2020 թվականների ընթացքում, բանակի ներսում տեղի ունեցած գործընթացների։

Գլխավոր շտաբի հայտարարությունը զուտ անձի կամ անձանց դեմ ուղղված վերաբերմունք չէ, համակրանքի հարց չէ խորքային առումով այն առաջին հերթին ընդգծում է պետական կառավարման համակարգի, պետական ինստիտուտների քայքայված լինելը, զինված ուժերը փլուզման տանելու փորձերը և անվտանգության համակարգում առկա տագնապային սպառնալիքները։

Եվ վերջապես, ԳՇ հայտարարությունը ահազանգ էր այն մասին, որ գործող վարչապետն ու իր կառավարությունն այս ծանր իրադրության պայմաններում ի վիճակի չեն գնալու անհրաժեշտ փոփոխությունների, վերափոխումների, լուծումների, իսկ դա պարզ ասած հղի է պետականության ամբողջական տապալման»։

Panorama.am