ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ․ ԵԿԵԼ Է ԲՈԼՈՐ ՍՏԵՐԻ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի գործելաոճի պատճառով ԼՂ բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները։ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարություններին` Facebook-ի էջում նման կերպ է արձագանքել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ և տեղի բնակիչների հետ զրույցում ասել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը, սակայն մյուսները չգիտեին։ Փաշինյանի խոսքով` 2018-ին, երբ դեռ 1 ամսվա վարչապետ էր, նախկիններն ասում էին, թե ինքը եկել է հողերը հանձնելու համար։ Փաշինյանը նշել էր` նման բան էին ասում, քանի որ գիտեին` ուր են հասցրել բանակցային գործընթացը։

«Հարցնում ես, թե 2018–ի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում»,–ասված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգ են առել Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ Փաշինյանը եկավ իշխանության, բանակցային գործընթացը տարավ այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձավ ապակառուցողական կողմ, ինչի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց:

Ավելին, Փաշինյանը, ըստ հայտարարության, միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները։

Որպես ապացույց` հայտարարությունում մեջբերում են ԵԱՀԿ մինկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի խոսքի այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասել է, թե «ամենից կարևորն այն է եղել, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»:

Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Փաշինյանը սեփական դիրքերից է մեկնաբանել Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը` եզրահանգելով, որ Սարգսյանն առաջարկել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնել։ Նշվում է, որ դա վարչապետի կողմից ուղղակի մանիպուլյատիվ հնարք է։

 «Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը: Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020-ի ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերին 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա»,–նշված է Փաշինյանին ուղղված պատասխանում։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը վստահեցնում է` եկել է բոլոր ստերի ու արարքների համար պատասխան տալու ժամանակը։

Sputnik Armenia