ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է արդարացնել իշխանությունների գործողությունները, որոնք հերթական անգամ խաբեցին հայ ռազմագերիների հարազատներին՝ ծանուցելով ապրիլի 9-ին ռուսական ինքնաթիռով նրանց հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հետո հայտարարեց ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, այդպիսի պայմանավորվածություն չի եղել, այլ եղել է «կեղծիք ու սադրանք». իշխանությունները մոլորության մեջ են գցում ժողովրդին։
Անդրանիկ Քոչարյանը, վիճարկելով Մուրադովի խոսքերը, լրագրողներին հայտարարում է, թե գերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածություն եղել է, և «փաստարկում» է. «Դուք չնկատեցի՞ք, որ գերիների վերադարձի հարցը անմիջապես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումից հետո: Դրանից առաջ էդպիսի խնդիր չէր երևում, որ մյուս օրը գերիները պետք ա վերադարձվեն։ Դա քայլ էր, որտեղ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը: Դրանով էր պայմանավորված, որ գեներալ-մայոր Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան…»։
Անդրանիկ Քոչարյանը փաստորեն ասում է, թե գերիներին վերադարձնելու պայմանավորվածությունը խախտվել է։ Բայց ինչի՞ց է նա եզրակացրել, թե գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն եղել է, և Մուրադովը մեկնել է Բաքու՝ նրանց ուղեկցելու համար։ Պարզ է, որ ինչպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի, այնպես էլ հայտնի խմբակցության մյուս ուսապարկերի մոտ, որոնք ուրախ լուրն առաջինը հայտնելու համար սկսել էին զվարթ զանգել գերիների հարազատներին, նման կարծիք կարող էր ստեղծվել միայն մեկ պատճառով. Փաշինյանն այդպես էր ներկայացրել նրանց Մոսկվա կատարած իր այցի արդյունքը։
Բայց մի՞թե նրա թիմում իսկապես հավաքվել են այնպիսի ուսապարկեր, որ մինչև հիմա չեն հասկացել. խոսքն արժեք չունի Փաշինյանի համար։ Սուտ խոսելը նրա համար սովորական զբաղմունք է, չենք խոսում արդեն ցանկալին էքստազի մեջ իբրև իրականություն հրամցնելու մասին։ Դրանով էր նա զբաղվում իր թերթում, զրպարտելով ում ասես, փչոցները շարունակվում էին ընդդիմադիրի կարգավիճակում և հետո արդեն՝ իշխանության ղեկին, երբ նա, օրինակ, ճղավում էր, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Դեռևս 2018-ի օգոստոսին…
Վառ օրինակը, թե ինչպես է Փաշինյանը ցանկալին ներկայացնում իբրև իրականություն, անցած տարվա հոկտեմբերի 7-ին ՌԲԿ-ին նրա տված հարցազրույցն է։ Այն ժամանակ նա չգտավ ավելի խելացի բան, քան ասել լրագրողին, թե այն պահին, երբ ինքը հարցազրույց է տալիս, հայկական բանակը ծուղակի մեջ է գցել ադրբեջանցիներին և ջախջախիչ հարված է հասցնում։ «Ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»,- ասում է գլուխգովանը։
Սա ասում է ՌԲԿ-ի թղթակցին, հոկտեմբերի 7-ին։ Լելե Թեփեի գրավման գործողության մասին: Մի արկածաքնդրության, որի արդյունքում, ինչպես այժմ նշում են բոլոր փորձագետները, Արցախի Պաշտպանության բանակի առավել մարտունակ ստորաբաժանումները կրեցին ինչպես մարդկային ուժի, այնպես էլ տեխնիկայի ծանր կորուստներ։ Այդ վայ-գործողությունն իսկապես առանցքային դարձավ ռազմական գործողություններում, միայն թե՝ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակ իմաստով։ Այդ «գործողության» արդյունքում հակառակորդի առջև ճանապարհ բացվեց դեպի Հադրութ և Արաքսի երկայնքով մինչև Հայաստանի սահման։
Եվ նույնիսկ նման ձախողումներից հետո ուսապարկերն առ այսօր չեն հասկացել, որ, երբ Փաշինյանը ինչ-որ բան է ասում, դա նշանակում է ճիշտ հակառակը։
Ի դեպ, այդ հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցնում է Փաշինյանին. «Ստեփանակերտն արդեն 7-րդ օր շարունակ գնդակոծվում է: Ուրիշ էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»։ Համաձայնեք, ուշագրավ հարց է ՌԲԿ-ի լրագրողի շուրթերից։
Փաշինյանը պատասխանում է, թե հարցն իր օրակարգում է։ Հավանաբար, հարկ չկա բացատրել, թե իրականում ինչ էր նշանակում նման պատասխանը: