Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության Հրապարակ

ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, որոնց նախընտրական ցուցակը գլխավորելու է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9–ին, ժամը 16։00–ին հրավիրում են Ազատության հրապարակ՝ իրենց առաջին հանրահավաքին։

Դաշինքը այսօր՝ մայիսի 6–ին, հանրահավաքի մասին ազդարարող երկու տեսահոլովակ է տարածել։ Ազատության հրապարակում ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ դաշինքով արտահերթին մասնակցելու մասին ուժերը հայտարարել են այսօր։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,– ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։