«Ժողովուրդ». ՆԱԽԿԻՆ ԼՐԱԳՐՈՂՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ԴԵՐԱՍԱՆԸ ԽՄԲԱԳՐԵԼ ԵՆ ԱԺ-ՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ թերթի տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել է երկու պատգամավոր՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։

Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես:

Թերթի աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ և այլն:

Մի խոսքով, հավատարմագրման նոր կանոններ կգործեն արդեն աշնանային նստաշրջանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար, որի արդյունքում շատ լրատվամիջոցներ ու լրագրողներ դուրս կմնան մրցակցությունից ու ԱԺ մտնելու հնարավորություն չեն ունենա։

Aysor.am