Փաշինյան․ Քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի

Քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանի շուրջ հանրության մեջ առկա քննարկումներին։

«Մարդիկ որևէ լրացուցիչ ծախսի անհրաժեշտությունն ու կարիք չունեն։ Պետությունը հոգում է, որ այդ մարդիկ` մեր սիրելի հայրենակիցները, բացարձակապես անվճար ստանան պատվաստում։ Այսինքն` քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի»,– ասաց նա։

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների մասին հրամանում կառավարության անդամների համար բացառություններին` Փաշինյանը շեշտեց, որ կառավարության անդամներն ավելի շուտ են պատվաստվել։

«Այս դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են։ Այնպես որ, կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս, նախ ինքն է այդ կարգը պահպանում։ Ես պատվաստված եմ, մենք բոլորս պատվաստված ենք, մեր ընտանիքի անդամները պատվաստված են»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանն այսօր օրական 10 000 պատվաստում իրականացնելու կարողություն ունի, և վստահեցրեց, որ պատվաստումների թվի աճին զուգահեռ, կառավարությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա։