2022թ․ ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային ծառայություններից

Եվրասիական զարգացման բանկն աշխատում է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական զարգացման բանկի կոլեգիայի նախագահի տեղակալի խոսքով՝ հավելվածի մեկնարկային տարբերակը Ռուսաստանում կգործարկվի 2022 թվականին:

«ՌԴ տարածքում հավելվածի գործարկումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը, առաջին հերթին, ուղղվում է հենց Ռուսաստան: Բացի այդ, այս հարցը գտնվում է Ռուսաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում միգրանտների տեղակայման հետ կապված բոլոր բիզնես գործընթացների թվայնացումը առաջնահերթ ծրագիր են համարում: Այդ իսկ պատճառով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» միջազգային հավելվածը առաջին հերթին ռուսական հատվածում կգործարկվի»,- պարզաբանել է Սարգսյանը:

Հավելվածի մշակումը, ինչպես նշել է ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահի տեղակալը, կավարտվի մինչև 2021 թվականի վերջը:

«Այսպիսով, արդեն 2022 թվականին ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել թվային ծառայություններից: Հավելվածը թույլ կտա քաղաքացիներին, առանց իրենց երկրի սահմաններից դուրս գալու, աշխատանք գտնել Ռուսաստանում, ծանոթանալ աշխատանքային պայմաններին, պայմանավորվել գործատուի հետ, հեռակա կարգով լուծել բնակարանային հարցը, երեխաներին տեղավորել դպրոցական և նախադպրոցական հաստատություններում, գրանցման, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության և այլ փուլեր անցնել: Այսինք՝ դա կլինի ծառայությունների մի ամբողջ շարք, որը մենք կտրամադրենք միգրանտներին» - ասել է Սարգսյանը, տեղեկացնում է News.am: