ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԱՄԵՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՌ

Պատերազմից մեկ տարի անց թշնամու հետ շփման գծի հաճախակի փոփոխությունները, մեր շարունակական նահանջները տեղերում, սեփական դիրքերից, հենակետերից, բարձունքներից, բլուրներից, արոտավայրերից ու խոտհարքներից հրաժարումը ոչ միայն չեն նպաստում խաղաղության մթնոլորտի ստեղծմանը, այլև ավելի են մոտեցնում նոր ագրեսիան՝ Բաքվի համար շատ ավելի ձեռնտու և նվազ կորստաբեր պայմաններում։

Ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ շախմատային մարտավարությամբ Ադրբեջանը լուծում է նորանոր խնդիրներ, և խորհրդանշական քարերի զոհաբերմամբ, ասենք՝ գերիներից մի քանիսի վերադարձով, ձգտում է վերջնարդյունքում հաղթել։ Թշնամու քարոզչական թեզերը խիստ համադրված են և անգամ ընկալում են գտնում միջազգային հանրության շրջանում, մինչդեռ հայկական կողմի հետպատերազմյան կոնցեպտ Արցախի հարցում պարզապես չկա։ Չէ՞ որ, ըստ ՔՊ-ական պատգամավորի ինքնախոստովանության, «Արցախն առանց Հայաստանի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է։

Պատերազմի օրերին ընդունված էր ասել, որ այն 1994-ին առկախված պատերազմի, հրադադարի պայմանագրի, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի կամ ապրիլյան մարտերի հետևանքն է։ Այդ դեպքում ինչի՞ հետևանքն է մեր զորքի շարունակական նահանջը պատերազմից մեկ տարի անց, ինչի՞ հետևանքն է հարյուրավոր գերիների խոշտանգումն առայսօր, ինչի՞ հետևանքն է Արցախի կարգավիճակի թեմայից վերջնական հրաժարումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամությունը։

«21-րդ դարի Սարդարապատ» որակված կռվում հրամանատարությունն անմռունչ ենթարկվեց նահանջի և հետքաշման ապօրինի հրամաններին, այն դեպքում, երբ մայիսյան հերոսամարտերը ճիշտ հակառակի՝ մինչև վերջին շունչը կյանքի գնով դիրքերը պահելու մասին էին։

Առաջին պատերազմի ավարտից ի վեր՝ մինչև 2018-ը, Հայաստանում և Արցախում մեր բնագիծը ձևավորելիս կամ դիրքերը բարելավելիս մշտապես դրվել է աշխարհագրական խնդիր՝ ունենալ գերիշխող բարձունքներ և այնպիսի առաջնագիծ, որը կբացառի թշնամական ագրեսիան։ Առավել ռոմանտիկները աշխարհագրական այդ բնագիծը հասցնում էին մինչև Կուր-Արաքսյան սահման՝ պնդելով, որ դրա նվաճումը լիովին իրագործելի է։ Նրանք նաև պնդում էին, որ եթե նույնիսկ կրակի դադարեցման քաղաքական հրաման տրվի, սպաներն ու զինվորները, միևնույն է, պետք է շարունակեն տարածքների ազատագրումը։ Պարզվեց՝ սպայակույտը ոչ միայն առանձնապես չընդդիմացավ նահանջի հրամաններին, ավելին՝ դեռ մի բան էլ կրծքով պաշտպանեց այդ որոշումների հեղինակին։

Մինչդեռ պատերազմի միջով անցած զինվորը լավ գիտի՝ երբ ինքը հարձակման մեջ է, բայց հրաման է ստանում դադարեցնելու հարձակումը, բարոյալքվում և ընկճվում է, հատկապես երբ տվյալ չունի ճակատի մյուս ուղղություններում իրավիճակի մասին: Առաջին պատերազմում մենք հրադադարի գնացինք թշնամու աղերսանքներին և ռուսական կողմի միջնորդությանն ի պատասխան։ 2020-ին ընդունեցինք պարտությունը՝ թշնամու ճնշմամբ և միջնորդների, հատկապես ՌԴ-ի հորդորներով՝ այդպիսով փրկելով մեր կաշին, բայց լավ իմանալով, որ ապագայում զոհաբերելու ենք մեր որդիների սերնդին։ Խաղաղության դուռ բացելու մասին մտացածին թեզի փոխարեն՝ իրականությունն այն է, որ այս պարտությամբ մենք ավելի մոտեցրինք հաջորդ անխուսափելի պատերազմում մեր պարտությունը։