Պաշտպանական ծախսերն ընդամենը 11 տոկոսով ավելացնելն ակնհայտորեն քիչ է

2022 թվականին պաշտպանական ծախսերը 11%-ով ավելացնելն իրատեսական է, եթե, իհարկե, ֆորս-մաժորներ չգրանցվեն։ Այլ հարց է՝ բավական է արդյոք նախանշված գումարի չափը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վաչապետի այն հայտարարությանը, թե գալիք տարի նախատեսվում է պաշտպանական ծախսերն ավելացնել ավելի քան 345 մլրդ դրամով։

«Պատերազմից հետո Հայաստանն այն վիճակում է, որ Զինված ուժերին որքան շատ հատկացումներ արվեն, այնքան ավելի լավ։ Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք. պետությունն այս պահին այսքան է ունակ անել։

Մի փոքր մխիթարական է այն հանգամանքը, որ բանակային համալրումները հաճախ ոչ պաշտոնական ֆոնդերից են իրականացվում», - ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ պաշտպանական ծախսերն ընդամենը 11 տոկոսով ավելացնելն ակնհայտորեն քիչ է։

Մհեր Հակոբյանը շեշտեց՝ ՀՀ կառավարությունը պետք է գործադրի ամեն հնարավոր ջանք, որպեսզի պաշտպանական ծախսերը տարեցտարի ավելանան՝ քիչ թե շատ հակակշռելու հակառակորդի ծախսերը և դիմագրավելու երկրի առջև ծառացած մարտահրավերները: